Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. «Լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է». «168 ժամ»

Ապրիլ 02,2015 12:23

«168 ժամի» զրուցակիցն է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում՝ ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան։

– Պարոն Բրայզա, առաջընթաց հնարավոր չէ նաեւ այն պատճառով, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիրներ՝ հայ-թուրքական փակ սահման, լարված իրավիճակ ԼՂ հակամարտության գոտում, որոնց պատճառով էլ, ըստ մի շարք պաշտոնյաների, Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այնինչ այդ երաշխիքները երբեք չեն գործում, ավելին, այս խաղաքարտը, ըստ մի շարք փորձագետների, Ռուսաստանն օգտագործում է իր իսկ ռազմավարական դաշնակցի դեմ։ Ինչպե՞ս Հայաստանը կարող է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից։

– Հայաստանը բավականին բարդ իրավիճակում է։ Երբ ես դեռեւս ԱՄՆ կառավարությունում էի աշխատում եւ պատասխանատու էի Հարավկովկասյան երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համար, բազում այցելություններ էի կատարում Հայաստան՝ ոչ որպես ՄԽ համանախագահ, այլ՝ որպես ամերիկացի պաշտոնյա։ Ամեն անգամ, երբ ես գալիս էի, մեծ ջանքեր էի ներդնում ՀՀ կառավարության իմ հայաստանյան գործընկերներին համոզելու համար՝ չդառնալ այդքան կախյալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, այլ ոլորտներում՝ եւս, բայց հիմնականում՝ էներգետիկ։ Ռուսաստանը չափազանց փորձառու էր Հայաստանին բավականին դժվարին կախվածության մեջ գցելու հարցում։

Ձեր հարցին իմ պարզ պատասխանը կլիներ հետեւյալը՝ լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է՝ դառնալով այդքան կախյալ Ռուսաստանից։ Բայց իրավիճակի մյուս ելքը ես տեսնում եմ, եւ այն հետեւյալն է ու, ի դեպ, հեշտ չէ։ Պետք է հավելյալ առաջընթաց լինի Հարավային Կովկասում առկա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը տեղի ունենա։ Ես չեմ ասում, որ այս երկու գործընթացները կարող են իրար ետեւից տեղի ունենալ կամ զուգահեռաբար։ Պարզապես, իմ համոզմամբ, մի գործընթացում առաջընթացը կհանգեցնի առաջընթացի՝ մյուսում եւս։ Այս երկու գործընթացները պետք է առաջ մղվեն։ Երբ սա տեղի ունենա, իրականություն կդառնա նաեւ Հայաստանի ապաշրջափակումը, ինչը որոշիչ գործոն կդառնա։ Սակայն, որպեսզի այս ամենը տեղի ունենա, ԱՄՆ նախագահը պետք է հստակեցնի, որ հավատում է՝ ինքն է գլխավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի հարցում։ Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի ակտիվ դերակատարությունը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930