Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը պետք է պատասխան տա իր սխալ որոշումների համար

Ապրիլ 02,2015 12:54

2002-ին այս օրը «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց սեփական կապուղով հաղորդումներ հեռարձակելու հնարավորությունից:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) որոշեց, թե վաղուց արդեն շուրջօրյա հեռարձակում ապահովող «Ա1+»-ն իր տեխնիկական, ֆինանսական հնարավորությունների եւ մասնագիտական աշխատակազմի առումով զիջում է մի ընկերության, որը հայտնի էր միայն առանձին հաղորդումների հեռարձակման հմտությամբ:

Որ հաղթողին որոշելու համար օրենքով սահմանված չափորոշիչները սխալ էին գնահատվել, ու նրանց ունեցած հնարավորությունները բավարար չէին՝ պարզ դարձավ կարճ ժամանակ անց, երբ արտոնագիրը փոխանցվեց այլ անձի: Այս կապուղին երեք անգամ տեր փոխեց:

Իսկ «Ա1+»-ի աշխատակազմի ներկայացուցիչները, որի մասնագիտական ունակություններն այդչափ ցածր էին գնահատվել, զարդարում էին ցանկացած աշխատավայր, որտեղ էլ նրանք հայտնվելիս լինեին:

Սակայն ՀՌԱՀ-ի ներկայացուցիչները երբեք, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո, չխոստովանեցին, որ սխալ գնահատականներ էին բարձրացրել 2002-ի ապրիլի 2-ին:

Նույնը շարունակվեց նաեւ հետագա տարիների հեռարձակման մրցույթների ընթացքում՝ ՀՌԱՀ-ը հետեւողականորեն շարունակում էր ստորադասել «Ա1+»-ին այլ ընկերությունների, որոնցից որոշներն այժմ ընդհանրապես գոյություն չունեն՝ փոխանցել են իրենց արտոնագրերն այլ անձանց՝ անգամ չունենալով բավարար ֆինանսական հնարավորություններ մինչ այդ աշխատավարձերի պարտքերը մարելու:

Թղթերի վրա նրանց գրած մեծ-մեծ խոստումներին մրցույթներից հետո ՀՌԱՀ-ը երբեք չէր հետեւում, ու որեւէ մեկը չէր անգամ զգուշացվում արտոնագրի պայմանների չիրականացման համար: Ինչպես հիմա էլ բացարձակ բանի տեղ չեն դրվում, ասենք, հեռուստաընկերությունների ուղղվածության մասին օրենքով սահմանված դրույթները, եւ գրեթե բոլորը, անկախ իրենց շահած արտոնագրից՝ հեռարձակում են ինչ մտքերով անցնի, եւ որ լեզվով անցնի՝ էլի շրջանցելով օրենքը;

Դե, մրցույթների ընթացքում էլ մանրադիտակով էին դիտարկվում միայն «Ա1+»-ի առաջարկները, մնացածներինը՝ մատների արանքով:

Եթե Հայաստանում լիներ սեփական որոշումների հետեւանքների համար պատասխանատվության կանչելու ավանդույթ՝ ՀՌԱՀ-ի անդամները պետք է պատասխան տային իրենց կայացրած այդ որոշումների համար, հատկապես որոնց հետեւանքով, ի դեպ, Հայաստանն արդեն քանի տարի է՝ համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր:

13 տարի անց էլ հուսով եմ՝ այդ ժամանակը գալու է:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարչական շարքը՝ Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ/media.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930