«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել մանկաբույժ Զարինե Այվազյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Երեմ Սարգսյանը: Պատճառը փաստաբանի բարձր ճնշումն էր, ինչի մասին նա իրազեկել էր ինչպես դատարանին, հայցելով մասնակիցների ներողամտությունը, այնպես էլ իր պաշտպանյալին:
Դատական նիստը այդ իսկ պատճառով հետաձգվեց, եւ նշանակվեց ապրիլի 9-ին:
Ամբաստանյալներից մանկաբույժ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, թե ինքը, թե Երեմ Սարգսյանն ունեն մի շարք միջնորդություններ: Նա նիստից առաջ Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունը այն մասին, թե բժշկական սխալի գործը քննելիս դատարանը չպետք է թույլ տա դատական սխալներ:
Կարդացեք նաև
Գիվի Հովհաննիսյանն ասաց.«Շատ են խոսում բժիշկների սխալների մասին, անփութությունների հետեւանքով մահվան ելքերի մասին: Այն տպավորությունն այն է, թե նրանք ամենավատ մարդիկ են: Սակայն բժշկական սխալներից զերծ մնալու համար պետք է ակնհայտ ապօրինի դատավճիռներ չլինեն, դատական սխալներ չլինեն»:
Ըստ փաստաբանի, Լիլիթ Վարդանյանի գործով գործ ունենք ակնհայտ ապօրինի մեղադրանքի հետ:
«Անմեղ անձը, եթե ինքը գործել է նախարարի հրամանների, չափորոշիչների համաձայն, եւ վերջիվերջո, շատ վատ բան է եղել երեխան է մահացել, սակայն նա ճիշտ ախտորոշել է, մահվան հետեւանքը ոչ թե իր գործողությունն էր, այլ հանգամանքներ գոյություն ունեն, եւ ակնհայտ մեղադրական դատավճռի դեպքում մենք այն մյուս երեխաների նույնիսկ ճակատագիրը, դնում ենք հարվածի տակ: Մյուս բժիշկները տեսնելով, որ այս բժիշկները գործել են նախարարի հրամաններով, չափորոշիչներով, ախտորոշել են, եւ բուժել են դրանցով, սակայն դատապարտվում են»:
Ըստ փաստաբանի, իրենք բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել, փորձագետների հետ կապված. «Մենք ունենք թերի դիահերձում»:
Գիվի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ վկաների խնդրին:Ըստ նրա, իրենց միջնորդություններն այս կապակցությամբ մերժվում են, իսկ տուժող կողմինը բավարարվում:
«Դատարանը կողմնակալ քննություն է կատարում: Մեր միջնորդությունը, որ բուժքրոջն ենք կանչում, որը երեխայի հետ այդ ժամանակ շփվել է, մերժվում է: Ականատես վկա է, կարեւոր վկա: Չեն կանչում:
Տուժող կողմի միջնորդությունը ինչ- որ ֆեյսբուքյան ինչ որ մի անձնավորության, հրավիրեց դատաքննության: Ֆեյսբուքում ինչ- որ մեկը մի բան է զրուցում, հրավիրում է հարցաքննության: Որտե՞ղ է այստեղ արդարությունը: Հրավիրեցին հարցաքննության եւ տեսան, որ հիմարություն է խոսակցությունը եւ գործի հետ էլ առնչություն չունի:
Ձեւական դատարան է, եւ համոզված եմ, որ ակնհայտ մեղադրական դատավճիռ է կայացնելու»:
Փաստաբանը կանխատեսեց նաեւ, որ իրենք հասնելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ