ՀՀ եւ ՌԴ խորհրդարանների պատգամավորներից կազմված աշխատանքային խումբը անցյալ շաբաթ աշխատանքային նիստ է ունեցել ու քննարկել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության գործով հարուցված քրեական գործի ընթացքը:
Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը երեկ տեղեկացրեց, որ աշխատանքային խմբի ստեղծման նպատակը գործի նախաքննության ընթացքին հետեւելն է։ «Ինֆորմացիաների փոխանակման փուլում ենք ու մենք անցյալ շաբաթ այդ աշխատանքային խմբով հանդիպում ենք ունեցել։ Իրենք իրենց ունեցած ինֆորմացիան են տվել մեզ, մենք՝ մեր ունեցածը, ու հիմնական խոսակցությունը եղել է ապագա դատական պրոցեսի հետ կապված հարցերը, ու երկու կողմն էլ ասացին, որ ամեն ինչ անելու են, որ դատական պրոցեսն ընթանա հնարավորինս բաց ձեւաչափով ու անպայման լինի Գյումրիում։ Ռուս պատգամավորները դրան համաձայն էին ու ասացին, որ իրենց իրավասությունների շրջանակում ամեն ինչ կանեն, որ այդպես լինի»,- հանդիպման մանրամասները ներկայացրեց Ավետիսյանը։
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, ռուսական կողմն էլ հայկական կողմին է փոխանցել տեղեկատվություն այն մասին, որ ռուսական քննչական մարմինները այս ընթացքում հարցաքննել են 4000-ից ավել մարդու, որոնք ժամանակին առնչություն են ունեցել Վալերի Պերմյակովի հետ։
Սուքիաս Ավետիսյանը այդ հանդիպման ժամանակ ռուսական կողմից փորձել է ավելի հստակ պատասխան ստանալ՝ արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, ինչին ռուսական կողմը պատասխանել է, որ նշանակված փորձաքննությունները բերում են այն համոզմանը, որ Պերմյակովը մենակ է եղել: «Ռուսական կողմն էլ փորձել է իմանալ մեր ժողովրդի մտահոգությունները էդ գործի հետ կապված ու էն խնդիրները, որոնք հուզում են Ավետիսյանների հարազատներին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմերը ցանկություն են հայտնել, որ նախաքննությունը հնարավորինս օբյեկտիվ լինի ու արագ ավարտվի եւ արդյունքները բաց ներկայացվեն հանրությանը։ Սուքիաս Ավետիսյանը նաեւ ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, նրանք նորից շփման մեջ կմտնեն ռուս պատգամավորների հետ, ու եթե անգամ նիստ չգումարեն, գոնե՝ հեռախոսով կքննարկեն։
Կարդացեք նաև
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում