Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ընկերների թշնամանքն ուրիշ է

Ապրիլ 02,2015 12:00

Նրանք «տարանջատվելու» խնդիր ունեն

«Նեոֆիտ» հունարեն բառը նշանակում է նոր մկրտված, նոր կրոն ընդունած: Դա գալիս է այն ժամանակներից, երբ մեր թվարկության առաջին դարերի ընթացքում հեթանոսները քրիստոնեություն էին ընդունում: Բնական է, որ այդ նորընծա քրիստոնյաներն ավելի ագրեսիվ էին հեթանոսների նկատմամբ, քան նրանք, ովքեր արդեն մի քանի սերնդով դավանում էին Քրիստոսի ուսմունքը: Նրանք խնդիր ունեին ապացուցելու իրենց նոր միջավայրին, որ փոխվել են, որ այլեւս ոչ մի կապ չունեն նախկինում դավանած կրոնի հետ:
Այդպես է պատահում բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ անցնում են կրոնից կրոն, ճակատից ճակատ, ազգից ազգ կամ կուսակցությունից կուսակցություն: Ինչպես հայտնի է, 1930-40-ական թվականներին Վրաստանում բազմաթիվ հայկական գյուղեր «վրացականացվել» էին՝ մարդկանց բացատրել էին, որ վրացի լինելը զուտ սոցիալական եւ նյութական կարգավիճակի առումով ավելի շահեկան է: Չեմ պատրաստվում դատել այդ մարդկանց: Պարզապես նշեմ, որ եթե այսօրվա Վրաստանում կան հակահայկական տրամադրություններ, ապա այդ դրսեւորումներում ավելի ակտիվ են հենց այդ նախկին հայերի հետնորդները: Որովհետեւ նրանք գուցե ենթագիտակցական մակարդակով շարունակում են ապացուցել իրենց «ոչ հայ» լինելը:

Արիֆ Յունուսը, որի մայրը հայ է, Ղարաբաղի հարցում ավելի ադրբեջանցի է, քան «մաքուր» ադրբեջանցի հասարակական գործիչներն ու քաղաքագետները: Որովհետեւ հայերի հետ հարաբերություններում նա պիտի ցույց տա, որ իր «կիսահայկական» ծագումը որեւէ դեր չի խաղում, եւ նա ամբողջությամբ արտահայտում է Ադրբեջանի դիրքորոշումը: Իհարկե, այդ մարդը հիմա նեղության մեջ է եւ նրան կարելի է միայն կարեկցել, բայց խոսքը ոչ թե անհատի, այլ երեւույթի մասին է:

Նույն օրինաչափության հետեւանքով վերջին 25 տարում Հայաստանից գնացածներից շատերը պարբերաբար բացականչում են, թե ինչ հրաշք է իրենց նոր երկիրը, եւ ինչ մղձավանջ է տիրում իրենց հայրենիքում: Իմաստը պարզ է. նրանք պետք է նախ իրենց, ապա բոլոր մնացածներին ապացուցեն, թե ինչ իմաստուն քայլ են կատարել՝ Հայաստանից գնալով: Մոտավորապես նույն պատճառով նախկին ամուսիններն են հաճախ իրարից բամբասում. թե չէ՝ եթե նրանք ասեն, որ Պետրոսը կամ Վարդուշը ամենեւին էլ հրեշներ չէին, ապա բնական հարց կծագի՝ բա այդ դեպքում ինչո՞ւ ես բաժանվել:

Կուսակցություններում նույնն է՝ թե գնացածները եւ թե մնացածներն իրար ավելի շատ «չեն սիրում», քան քաղաքական հակառակորդներին: ՀԱԿ-ից դուրս եկածները ՀԱԿ-ում մնացածների տեսանկյունից ավելի վատն են («ռեժիմի սպասավորներ են»), քան բուն «ռեժիմը»: Բայց ամենացայտուն օրինակն է, իհարկե, Դաշնակցությունը, որը 90-ականներին ուներ կիսագաղտնի «ուժային բաղադրիչ», ու նաեւ դրա հետեւանքով բազմաթիվ նախկին եւ ներկա դաշնակցականներ իրար հետ ունեն ինչ-ինչ հաշիվներ, որոնց մասին հրապարակավ չի խոսվում, եւ որոնցից գլուխ հանելը չափազանց բարդ է:
Եվ ահա ՀՅԴ-ն եւ «Հիմնադիր խորհրդարանը», որը հենց 90-ականների ոճով ղեկավարում է նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանը, իրար դեմ դուրս են եկել կռվի եւ իրար մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ: Նախկին կուսակցական ընկերները, որքան հասկանում եմ, իրար տանել չեն կարողանում: Արդեն բազմիցս ասվել է, որ ընդդիմադիր տարբեր թեւերի նման վեճերից շահում է բացառապես իշխանությունը: Գուցե նպատակն էլ հենց դա՞ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Հարցը դիտարկված է բացառապես «մնացողի» տեսանկյունից, և ընդհանրապես հաշվի չի առնված ազատ ընտրության բաղադրիչը։
    Մասնավորապես, վերևում գրվածը ենթադրում է արդյոք, որ ասենք, եթե
    Արիֆ Յունուսը ապրեր Հայաստանում, Ղարաբաղի հարցում ավելի հայ էր լինելու, քան «մաքուր» հայ հասարակական գործիչներն ու քաղաքագետները?
    Եթե այդպես է՝ հավաքեք խառը ամուսնություննեից ծնվածներին և կանգնեցրեք ճակատային գծում..)))..
    Ենթադրում է արդյոք, որ եթե …վերջին 25 տարում Հայաստանից գնացածներից շատերը պարբերաբար բացականչում են, թե ինչ հրաշք է իրենց նոր երկիրը, եւ ինչ մղձավանջ է տիրում իրենց հայրենիքում… և դա «հասկանալի է», ապա Հայաստանում մղձավանջ չի տիրում?…)))..
    Եթե օբյեկտիվ նայենք իրականությանը, ապա պետք է ընդունենք, որ Հայաստանում տիրում է մղձավանջ՝ անկախ նրանից, ով ինչ է գոռում…
    Ւսկ կուսակցություններում ….գնացածները եւ թե մնացածներն իրար ավելի շատ «չեն սիրում»…))).. , որովհետև իրար ավելի լավ են ճանաչում, քան «դրսի» մարդիկ և «այլ կուսակցությունների» ներկայացուցիչները..))..

    • Արսեն says:

      P. S. 2 միլիոն Ֆրանսիացի ապրում է երկրի սահմաններից դուրս, ես դեռ չեմ լսել մի դեպք, որ որևէ մեկը ասի. «Ես «արտագաղթել եմ», որովհետև երկրում մղձավանջ է»։ Գնացել են որվհետև՝ ամուսնացել են դրսում, ավելի լավ վարձատրվող աշխատանք են գտել, կյանքի պայմանները իրենց համար ավելի լավ են… (բացի դրանից՝ հումանիտար ռոմանտիկների մի մեծ «աննորմալ» խումբ կա…))).. աշխարհի որ ծակում ասես, մի խփո ֆրանսիացի կգտնես..)))..)։
      Ես այստեղ հանդիպել եմ շատ ռուսների… որովհետև իրենց երկրում մղձավանջ է…
      լեհերի՝ որվհետև իրենց մոտ աշխատավարձը փոքր է…
      աֆրիկացիների՝ որովհետև մղձավանջ և աղքատություն է…
      հնդիկների՝ աղքատություն և կաստայական դիսկրիմինացիա…
      և բոլորը՝ ինչ որ ասում են՝ ճիշտ են ասում… քո երկրի մասին մտածի, տղա ջան, մտածի են մասին մասին, որ հենց մղձավանջ չլինի, առաջինը էլի մենք ենք ասելու, որ մղձավանջ չէ (ոչ մեկին հաճելի չէ, իր նոր երկրում ներկայանալ որպես «մղջավանջային երկրից եկած մարդ, եթե հոգեբանությունից էլեմենտար գիտելիքներ ունես՝ կհասկանաս թե ինչու)…
      Տեսնես ինչու չենք ասում?…))))…

  2. Հրանտ Պապիկյան says:

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, և Արսենի արագ ու ծավալուն արձագանքը հենց Ձեր իրավացիության ապացույցն է: Մարդկային տեսակետից դա բացատրելի է: Անձամբ ես ներում եմ թշնամիներիս էլ, չեզոք մարդկանց էլ, որ ինձ վատություն են արել: Բայց ՆԱԽԿԻՆ ընկերներիս նկատմամբ խիստ հիշաչար եմ, քանի որ ընկերը նախկին է դառնում միայն ինչ որ պահի մի բանի ՛՛թամահ՛՛ անելու կամ դավաճանելու հետևանքով: Բացի այդ՝ ընկերոջ դավաճանածը ամենացավոտն է, քանի որ նա գիտի թույլ կողմերդ…
    Բայց ՀՅԴ-ի օրինակը բոլորովին էլ ցայտուն չէր և նկատվում է որ դաշնակցությանը պարզարես վերապահումով եք վերաբերվում: Դա է վկայում նաև ՛՛ամենացայտուն օրինակը ԻՀԱՐԿԵ Դաշնակցությունն է..՛ միտքը՛՛: Ինչու իհարկե?…
    Իրականում Ժիրայրը իր կյանքի կարևորագույն նշանակումը, որով ներկայանում է իրեն լավ չճանաչողներին, այսինքն՝ որոշ ժամանակահատված Շուշիի առանձին գումարտակի հրամանատարի պաշտոնը, ստացել է միմիայն այն պատճառով, որ այդպես է որոշել ՀՅԴ-ն՝ միավորելով մի քանի դաշնակցական ջոկատներ այդ գումարտակի կազմում: Դուշման Վարդանը զոհվել էր արդեն, Պավլիկը որոշ կարգապահական խնդիրներ ուներ, պարզապես ընտրվեց Ժիրիկը, չնայած կարող էր և լինել Պռոշյանի Պետոն, կամ այլ մեկը…
    Եվ Ժիրիկը ոչ թե ինչ-ինչ գաղափարական տարաձայնությունների պատճառով և իր կամքով է դուրս եկել կուսակցությունից, այլ ՀԵՌԱՑՎԵԼ է ՀՅԴ ՇԱՐՔԵՐԻՑ այն էլ խայտառակ ձևով: Այդ գումարտակի շատ տղերք, օրը կգա՝ պատրաստվում են պատմել որոշ մարամասներ իր կենսագրությունը ՈՉ ԼՐԻՎ ներկայացնող այդ ՛՛ազգային հերոսի՛՛ կյանքից: Դա թողնում եմ նրանց, և շուտով կլսեք…
    Այդպիսով Ժիրիկի ատելությունը ՀՅԴ-ի նկատմամբ բոլորովին տարօրինակ չէ: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, նրանք ատում են ոչ թե Ժիրայր Սեֆիլյանին, այլ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԵԿԻ, որը ոտնձգություն կանի Հայ Դատի և ցեղասպանության ճանաչման նկատմամբ: Կարծում եմ սա շատ նորմալ է, հաշվի առնելով այն, որ դա ՀՅԴ-ի գաղափարախոսության հիմնաքարերից մեկն է, եթե ոչ գլխավոր նպատակը: Չէ որ այսքան տարի է անցել, բայց Ժիրիկին ՀՅԴ-ից ոչ մեկը այլ հարցերով չի հետապնդել…
    Ես Դաշնակցական չեմ, բայց այս հարցում նրանց հետ լիովին համակարծիք եմ: Եթե պետական մարմինները ժամանակին դրա դեմը չառնեն, այդ օրը հնարավոր է արյուն էլ թափվի, և իմ սուբյեկտիվ իհարկե կարծիքով՝ ՈՉ ԱՆՄԵՂ արյուն…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930