Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգա Ժիրայր ՍԵֆիլյանը՝ Թուր Կեծակին ձեռքին, եւ բոլոր հարցերը կլուծի»

Ապրիլ 02,2015 17:30

Արմեն Ռուստամյանը՝ Սեֆիլյանի պատասխանատվության
եւ բանակում մարտավարությունը փոխելու մասին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն օրերս հրավիրած ասուլիսում կոչ էր արել ժողովրդին, որ բանկերից վերցրած վարկերի տոկոսները չմարեն: Նա ասել էր. «Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատի, որոնք կեղեքելով ժողովրդին՝ տիրապետում են մեծ ունեցվածքների: Նրանք պետք է պատասխան տան: Մենք չենք պատկերացնում, որ հարուստներ պետք չեն, պարզապես մարդիկ, ովքեր ունեցվածք են դիզել, պետք է ապացուցեն, որ դրանք արդար ճանապարհով են»:

«Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանի այս կոչը տեղավորվո՞ւմ է օրինաչափ պայքարի շրջանակներում եւ ի՞նչ հետեւանքներ կունենա՝ ըստ Ձեզ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես, իհարկե, չեմ պատկերացնում, նա այդ ասելով՝ հասկանո՞ւմ է, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը իր կոչին անսաց եւ վարկերը վերցրեց, բայց տոկոսները չմարեց՝ համարելով, որ կգա Ժիրայր Սեֆիլյանը՝ Թուր Կեծակին ձեռքին, եւ բոլոր հարցերը կլուծի: Բա որ հանկարծ այդպես չեղավ, այդ մարդկանց պատասխանն ո՞վ է տալու»:
Ժիրայր Սեֆիլյանը նաեւ առաջարկել էր սահմանը պաշտպանելու նոր տարբերակ: Նա վստահեցրել էր, որ սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա. «Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռեւս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է եւ գենոֆոնդի սպառում: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը: Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից եւ զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով, եւ այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված եւ ամենակարեւորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ»:

Այս առնչությամբ մեր հարցին՝ չե՞ք կիսում այս առաջարկները, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բանակի կառուցվածքի փոփոխության մասին մենք ունենք մեր մոտեցումը: Խորհրդարանական կառավարման համակարգին որ անցնում ենք՝ ամբողջությամբ այդ ամեն ինչը պետք է վերանայվի: Դա մեր հայեցակարգի մեջ է մտնում: Բանակի կառուցվածքը խորհրդարանական կառավարման համակարգում բոլորովին այլ է դառնում, քան այն, ինչ հիմա կա: Քաղաքացիական վերահսկողության հնարավորություններն են մեծանում, եւ շատ հարցեր են լուծվում»:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ պետք է վերանայվի մեր մարտավարությունը եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմաններին, պետք է փոխվի. «Մենք այսօր, ըստ էության, պատերազմի մեջ ենք: Եվ դրան համապատասխան պետք է մարտավարություն արձանագրենք ու դիվանագիտություն իրականացնենք: Այն ենթադրում է, որ թույլ չտանք այս մաշող մարտավարության մեջ ներքաշի մեզ Ադրբեջանը եւ իր նպատակներն իրականացնի՝ դանդաղ բնույթ հաղորդելով պատերազմին: Սա պատերազմ է, պարզապես այդ ոճով է իրականացվում այդ պատերազմը: Սա ենթադրում է նաեւ ասիմետրիկ՝ անհամաչափ հարվածների հնարավորության մասին մտածել, նոր ձեւեր ու մեթոդներ կիրառել, բաժանարար գիծն իսկապես պետք է դարձնել անանցանելի, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել: Իհարկե, դա իրենից ծախսեր է ենթադրում, բայց պետք է գնալ այդ ծախսերին, ոչ թե թողնել այն վիճակում, որն այսօր հեռու է ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման մակարդակից»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Ռուստամյանի վերեւ ըսածները ճիշտ են – ինչպես ընդհանրապես -. մաքուր մարդ է. սակայն նկատի ունենալով իր պաշտոնը, մի քիչ տարօրինակ է որ հիմնականորեն ինք է ստանձնում Սեֆիլյանը «իր տեղը տեղաւորելու» պաշտոնը… երբ որ գիտենք թէ Սեֆիլյան դաշնակների ծոցից ծնած է… երեւի հիմա արդեն յանցաւոր են զգում նրա համար… Եթէ իշխանությունը մարդավարի – եւ օրինակա՛ն – կերպով չի դիմագրաւելու այս խնդիրը, թող ուրեմն կրի անոր հետեւանքները. փտեցնում են կացությունը.

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իշխանությունների կրտսեր եղբայր դաշնակները օր ու գիշեր հարձակվում են «Հիմնադիր խորհրդարանի» վրա: 120 տարվա մումյային նորից ներկել ու օգտագործում են:

    Ամբողջ թուրքական պրոպագանդան Եղեռնը/ հայերի կոտորածների մեղքը բարդում է «տեռորիստ դաշնակների» վրա: Մեկը այս դաշնակներին չհարցնի՞. այ «երկարամիտ հայրենասերներ», դուք նույնիսկ երիտթուրքերին ֆինանսավորեցիք,որ իշխանության գան. դեռ չեմ ասում, թե քանի անգամ հող վաճառեցիք՝ ձե՛ր ցինիկ աթոռներին մնալու համար:

    • Հ.Շ. says:

      Ծայրահեղ կարծիքները լինում են անիմաստ…

      Այո, Հ.Յ. Դաշնակցութիւնը սխալ գործեց, ծանր սխալ, հաւատալով թէ Իթթիհատի հետ համագործակցութեամբ կարող էր փրկել հայութիւնը, Օսմանեան Կայսրութեան մէջ. նամանաւանդ որ, ընդհանուր հայության մէջ, բաւարար կռվողներ չկային, որպէսզի ան կարենար շարունակել զինեալ պայքարի այլընտրանքը:

      Իսկ ամէն դէպքում, դաշնակներն են որ մահապատիժի ենթարկեցին նոյն Իթթիհատի մաս կազմող, Ցեղասպանութիւնը կատարած գլխաւոր դերակատարները:

      Մի քիչ չափաւորութեամբ որ խոսակցենք, կարող ենք, եթէ ոչ համաձայն լինել, գոնէ… խոսակցել: Թէ ոչ, լիովին ապարդիւն է, «խուլերի երկխօսութիւն է» միայն… Եւ այս պատճառով է որ դաշնակները այլեւս ճիգ իսկ չեն ըներ պատասխանալու իրենց դէմ ուղղուած մոլեգնոտ հայհոյանքներին, անսահման հերիւրանքներին:

      • Ruben says:

        Դաշնակցական կուսակցությունը իր ծննդյան օրից օտար երկրների հատուկ ծառայությունների եւ վաշխառուների գործիք է:

        • Հ.Շ. says:

          «ծննդյան օրից»…

          իսկ ըստ քեզի, Ռուբէն,
          Ժիրայրը համաձա՞յն է այս քո հաստատումին

          ինք որ, եթէ այսօր մարմնաւորում է այդ ամեն ինչը որ ասվում է թէ մարմնաւորում է, շնորհիւ այն իրողութեան է թէ, Արցախի պատերազմի ժամանակ, նշանակուած էր Հ.Յ.Դ. գումարտակի հրամանատար

          թէ պատահել է որ Հ.Յ.Դ.-ն, առիթներով, «ձեռնավարվել» է այս կամ այն ուժերի կողմէ, շատ հաւանական է, այո

          բայց ասել թէ այդպէս եղել է, եւ միայն այդպէս եղել, առաջին օրից մինչեւ այսօր անընդհատ… երեւի չափազանցութիւն է…

          • Ruben says:

            Ցավում եմ, որ Ժիրայրը նույնպես գործիք է խեղաթյուրված պատմության մեջ, անկախ այն բանից նա դաշնակցական է, թե ոչ:

  3. Mika says:

    դուք որ հայտարարեցիք որ սերժը լեգիտիմ նախագահ է չնայած գողացված ընտրություններին, ոչ միայն ձեզ հակասեցիք այլ նաև հասկացնել տվեցիք որ սույն խաղի կանոնները ընդունում եք (սա ասել է Արծվիկ Մինասյանը), Ռուստամյանը ասում է պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Սեֆիլյանի ու իր համախոհների հանդեպ… իսկ գուցե Գյումրիի դանակահարության հետ կապ ունի Ընկեր Ռուստամյանը????

  4. Ruben says:

    Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930