Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի դատապարտյալները ռազմագերիներ չեն, դիվերսանտներ են

Ապրիլ 02,2015 17:00

Ըստ Կարեն Օհանջանյանի՝ նրանց նպատակն է եղել ԼՂՀ անվտանգության մասին տվյալների հավաքագրումն ու համակարգի կազմալուծումը

Ադրբեջանցի երկու դիվերսանտների հարցը պաշտոնական Բաքուն վերջին շրջանում բավական թեժացրել է: 2014թ. հունիսի 29-ին Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը, Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ սպանված Հասան Հասանովը՝ զինված, ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Այս անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին: Դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտում ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի դատավճիռը: Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության ԼՂ պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առեւանգելու եւ սպանության համար։

Karen-Ohanjanyan_3-20

Այս դիվերսանտներն առաջինն էին, որոնք անկախության հռչակումից հետո դատական պատասխանատվության ենթարկվեցին Ղարաբաղում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից: Պաշտոնական Ստեփանակերտից պարբերաբար նշում են, որ նրանց դատավարությունն անցել է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, բաց ու թափանցիկ, նրանք ունեցել են դատապաշտպաններ:

Ադրբեջանն, ակնհայտորեն, դիվանագիտական խողովակներով աշխատում է ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրների հետ: Դեռ այս տարվա հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ամփոփում էր 2014-ին` ՌԴ դիվանագիտական տարին, մամլո ասուլիսում ադրբեջանցի մի լրագրող նրանից հետաքրքրվեց Ասկերովի ճակատագրով՝ նկատելով, թե իբր նա ՌԴ քաղաքացի է։ Լավրովի պատասխանից ակնհայտ էր, որ նա իսկապես չգիտեր, թե ում մասին է խոսքը: Նա նշեց՝ քանի որ նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ. «Ինչպես ասացիք Դուք, նրան ձերբակալել է հայկական կողմը: Այդ դեպքում տվյալ հարցը մենք կքննարկենք նրա հետ: Մենք ունենք ոչ քիչ թվով քաղաքացիներ, որոնց ձերբակալել են աշխարհի տարբեր երկրներում:

Մենք մշտապես հետաքրքրվում ենք նրանց ճակատագրով»: Ըստ էության, Լավրովը տեղյակ չէր, որ ամիսներ առաջ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովային նամակ էր հղել, որում նշել էր, որ հայերի կողմից գերեվարված ադրբեջանցիների շարքերում ՌԴ քաղաքացիներ չկան: Այնուհետեւ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին է անդրադարձել այդ թեմային: «Մենք համապատասխան մարմիններին համառորեն կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել երկու բանտարկյալներին: Անցյալում կողմերը սովորաբար ուղիներ գտել են բանտարկյալներին վերադարձնելու համար՝ որպես հումանիտար ժեստ: Այդպիսի հումանիտար ժեստեր արվել են՝ նվազեցնելու համար լարվածությունն ու ամրապնդելու համար կողմերի միջեւ վստահությունը»: Ապա ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Բաքվում բարձրացրեց Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին վերադարձնելու հարցը:

Karen-Ohanjanyan_3-21

Մարդու իրավունքների եւ խաղաղության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը մարտի 31-ին այցելել է ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դ. Ասկերովին եւ Շ. Գուլիեւին՝ դատապարտված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու սպանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործունեության համար: «Ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտարահիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական սպասարկումը, ինչպես նաեւ լրատվական նյութերի եւ գրականության տրամադրումը:

ատապարտյալներից յուրաքանչյուրի հետ առանձին մենք զրուցեցինք մոտ 3 ժամ, որի ընթացքում նրանք գոհունակություն հայտնեցին իրենց պայմանների մասին: Ուսումնասիրման արդյունքում կարելի է հավաստել, որ դատապարտյալներ Դ. Ասկերովի եւ Շ. Գուլիեւի պայմաններն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, եւ որ ԼՂՀ իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտրվի որեւէ նորմի խախտում»,- ասվում էր Կ. Օհանջանյանի տարածած հայտարարության մեջ:

«Առավոտ»-ը Կարեն Օհանջանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում պաշտոնական Բաքվի գործողություններին` վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին: «Յուրաքանչյուր պետության պարտքն է բոլոր միջոցներով պաշտպանել իր երկրի քաղաքացիների շահերը: Միանգամայն տրամաբանական եւ հասկանալի է Ադրբեջանի պահվածքը: Տրամաբանական եւ հասկանալի է մեր իշխանության պահվածքը եւ մեր հասարակության մեծամասնության կեցվածքը, որ հրաժարվում են Ադրբեջանի դատապարտված քաղաքացիներին վերադարձնել Բաքվին, առավել եւս, որ ադրբեջանցի դատապարտված քաղաքացիները մեղավոր են ճանաչվել ԼՂՀ անչափահասի սպանության մեջ եւ մեր երկրի դեմ դիվերսիոն-լրտեսական գործունեություն են իրականացրել: Նրանց գործողություններն ուղղված են եղել ընդդեմ մարդկության եւ սպառնալիք էին ԼՂՀ քաղաքացիների անվտանգության պահպանմանը»,- նշեց Կ. Օհանջանյանը:

ԼՂՀ-ում առաջին անգամ դատապարտված, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող դիվերսանտներն ի՞նչ վիճակում են այսօր բանտում՝ հարցրինք Կարեն Օհանջանյանին: «Հարկ է նշել, որ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը բավական մեծ պատասխանատվությամբ է մոտենում մեկուսարանում պահվող Ադրբեջանի դատապարտված քաղաքացիների` միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններն ապահովելու հարցում: Մենք նրանց այցելելուց հետո տարածած հայտարարության մեջ նշեցինք, որ խցից սկսած` սանիտարահիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական սպասարկումը, ինչպես նաեւ լրատվական նյութերի եւ գրականության տրամադրումն ամեն ինչ լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին: Որպես իրավապաշտպան՝ իմ աշխատանքի բերումով անազատության մեջ բազմաթիվ պահվողների եմ այցելել ամբողջ աշխարհում եւ կարող եմ արձանագրել ամենայն պատասխանատվությամբ այն փաստը, որ Ադրբեջանի քաղաքացիների պայմանները Լեռնային Ղարաբաղում որեւէ կերպ չեն զիջում զարգացած շատ երկրներում դատապարտյալների պայմաններին»:

Ակնհայտորեն Ադրբեջանի իշխանությունները աշխատում են ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու հարցում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հետ: Հնարավո՞ր է, որ հայկական կողմին, Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, այնուամենայնիվ, ստիպեն վերադարձնել նրանց՝ հարցրինք ղարաբաղցի իրավապաշտպանին: «Չեմ կարծում, թե այսօրվա դրությամբ պայմաններ են ստեղծվել, որոնց հիմքում կարելի է Ադրբեջանին վերադարձնել մեր տարածքում դատապարտված նրա քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ, որ դատապարտյալները ռազմագերիներ չեն, այլ դիվերսանտներ են, որոնց նպատակն է եղել ԼՂՀ անվտանգության մասին տվյալների հավաքագրումն ու համակարգի կազմալուծումը: Նրանց գործունեությունն ուղղված էր մեր քաղաքացիների անվտանգության մակարդակի նվազեցմանը, եւ դրա հետ մեկտեղ նրանց գործունեությունը կրում էր քրեաահաբեկչական բնույթ: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ միջազգային կազմակերպությունները պետք է ԼՂՀ իշխանությունների առջեւ նման պայմաններ առաջ քաշեն` Ադրբեջանին դիվերսանտներին վերադարձնելու առնչությամբ: Թեեւ չեմ բացառում, որ որոշակի պահի հնարավոր լինի բարի կամքի դրսեւորում ԼՂՀ ղեկավարության կողմից: Կցանկանայի նշել, որ առավել տրամաբանական կլիներ, եթե ադրբեջանական ղեկավարությունը ինքը դիմեր Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` իրենց քաղաքացիների հետագա ճակատագրի հարցով»,- նկատեց Կ. Օհանջանյանը:

Վերջերս Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն առաջարկել էր Սաֆարովին հանձնել հայկական կողմին. «Գուցե դա ընդհանրապես նոր բեկում մտցնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչո՞ւ որեւէ մեկը չի ասում` հանձնեք Սաֆարովին հայկական կողմին: Կեսկատակ-կեսլուրջ ասում եմ` միգուցե մենք այդ դիվերսանտներից մեկին կարողանանք փոխանակել Սաֆարովի հետ, գուցե այդ փոխանակումը լինի փոխվստահության մթնոլորտի ձեւավորման կամ փոխզիջումային տարբերակ»: Հնարավո՞ր է, որ իրավիճակն այնքան լրջանա, որ ԼՂՀ իշխանություններն իսկապես պահանջեն Սաֆարովին` ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու դիմաց: «Չեմ կարծում, թե Դավիթ Բաբայանը այդ մասին լուրջ է խոսել, եւ հազիվ թե նման բան հնարավոր է»,- ասաց ղարաբաղցի իրավապաշտպանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930