Հայաստանը տարին տարվա վրա «թաղվում է» պարտքերի մեջ. Հայաստանի արտաքին պարտքն արդեն 3,7 միլիարդ դոլարի է հասել: Կառավարությունը նորից եվրոպարտատոմսեր է թողարկել 500 միլիոն դոլարի՝ 7,5%-ով: Սա, ըստ էության, նոր պարտք է, որի մի մասն ուղղվելու է 2013 թվականին կրկին եվրոբոնդերի միջոցով ստացված 700 միլիոն դոլարի վարկի մի մասի մարմանը, մի մասն էլ ուղղվելու է բյուջեում չհավաքագրված հարկային մուտքերի բացը լրացնելու համար:
«Առավոտը» Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա Հայաստանի կառավարության այն քաղաքականությանը, ըստ որի՝ նոր պարտք են ներգրավում՝ նախորդ պարտքի մի մասը մարելու համար, եւ արդյոք Հայաստանի արտաքին պարտքը վտանգավո՞ր շեմի է:
«Գիտեք ի՞նչ, հարցը, թե ո՞րն է Հայաստանի արտաքին պարտքի ընդհանուր ընդունելի մակարդակը, դա թվերի հետ կապված հարց չէ, համամասնության հարց է՝ այդ արտաքին պարտքի համամասնությունն ընդհանուր տնտեսական ակտիվության հետ է կապված, այսինքն՝ պարտք-ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) հարաբերակցությունը: Խնդիրը հետեւյալն է՝ ինչի՞ համար են այդ պարտքի գումարներն օգտագործվում: Արդյոք այդ գումարները օգտագործվում են արտադրական գործունեությունը խթանելո՞ւ համար, որպեսզի այդ գումարի արդյունքում եկամուտ ստեղծվի, եւ այս վատ տնտեսական իրավիճակից դուրս գա»,- այսպես մեկնաբանեց մեր հարցը տիկին Բեյլը:
Ինչ վերաբերում է եվրոբոնդերին, տիկին Բեյլն ասաց. «Ես անձնապես եվրոպարտատոմսերի հետ կապված կարծիք չունեմ: Մենք կառավարության հետ աշխատում ենք այդ համապարփակ ընդհանուր ծրագրի շրջանակներում, երբ որ խոսքը վերաբերում է վարկերի, դրամաշնորհների, փոխառությունների ֆինանսավորմանը: Խնդիրը հետեւյալն է՝ եվրոպարտատոմսերից կամ ցանկացած այլ աղբյուրից ստացված պարտքի գումարները կառավարությունն ինչի համար է օգտագործում: Նրանք օգտագործում են եվրոպարտատոմսերի եկամուտները 2 նպատակով. մի մասը օգտագործվում է նախկին պարտքերի վճարման համար, մի մասը օգտագործվում է, որպեսզի վճարեն այն բացվածքը, որն առաջանալու է այս ֆիսկալ տարում թուլացած տնտեսության արդյունքում»:
Երբ պարտքերը սպասարկելու միջոցներ չկան, տնտեսության աճը դանդաղում է՝ ինչպես տնտեսագետներն են նկատում, կառավարությունը ստիպված պարտատոմսեր է թողարկում, որից ստացված գումարներն ուղղում են պարտքերի մարմանը:
Մինչ տիկին Բեյլին մեր հարցն ուղղելը՝ նա Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման վերաբերյալ ասել էր, որ այն վերանայել են. «Հայաստանի տնտեսական աճը շատ-շատ-շատ քիչ կլինի: Հնարավոր է՝ դրական միտումով՝ 0,8%: Այս 0.8% դրական միտումն էլ կարող է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան»: ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն ասել է, որ այդ հնարավոր ցնցումները կարող են լինել Ռուսաստանի եւ Եվրոպայի ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, բայց ցնցումների առավել մեծ ազդեցությունը հնարավոր է լինի Ռուսաստանի տնտեսության անկման հետեւանքով:
Կարդացեք նաև
Նորից անդրադառնալով եվրոբոնդերի թողարկմանն ու դրանից ստացված գումարների տնօրինմանը՝ տիկին Բեյլն «Առավոտին» ասաց. «Ես թույլ կտամ, որպեսզի այդ հարցի վրա կենտրոնանան Կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք կառավարության հետ այդ քննարկումներն են անելու, որպեսզի հենց այդ հարցի վրա նրանք իրենց ուշադրությունը դարձնեն: Բայց մենք կարող ենք ասել, որ եվրոպարտատոմսերից ստացված գումարները չափազանց կարեւոր է օգտագործել 2 ուղղություններով՝ խթանել տնտեսական գործունեությունը երկրի ներսում, եւ այդ պարտատոմսերի վաճառքից ստացված եկամուտները հատկացնել ամենաաղքատ եւ խոցելի խմբերին տրամադրվող օժանդակության համար»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ կառավարությունը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել ու տեղաբաշխել, եւ դա բովանդակային իմաստով վարկ վերցնել է նշանակում: Այս 7.5%-անոց վարկն, ըստ Գեւորգյանի, Հայաստանի ներգրավված ամենաթանկ վարկերից մեկն է, եթե ոչ՝ ամենաթանկը: «Ուշագրավն այն է, որ 2013 թվականին վերցրած վարկի տոկոսը 6.25 էր: Այսինքն՝ ստացվում է, որ 7.5%-անոց վարկ ենք վերցրել՝ 6.25%-անոց վարկի մի մասը փակելու համար: Սա ոչ մի դեպքում չի կարելի համարել վարկի արդյունավետ օգտագործում: Մենք ուղղակի վարկային շրջապտույտի մեջ ենք մտնում: Այսինքն՝ սկսում ենք ավելի ու ավելի թանկ վարկեր վերցնել՝ նախկին ավելի էժան վարկերը փակելու համար»:
Գեւորգյանը նաեւ նկատեց, որ պարտքի չափը խնդիր չէ, խնդիրը դրա օգտագործումն է. «Եթե դրանց արդյունքում Հայաստանում տեխնոլոգիական բում է լինելու, ապա չափը պրոբլեմ չէ, նույնիսկ՝ տոկոսը, բայց մեր վերցրած պարտքերը ուղղակի փոշիանում են: Որպես օրինակ բերեմ Եվրոպան, որտեղ գազի գինը 2-3 անգամ բարձր է, սակայն ջերմոցում ստացված պոմիդորի ինքնարժեքը 2 անգամ էժան է, քան Հայաստանում»:
Հայկ Գեւորգյանը մտահոգություն հայտնեց, որ եվրոբոնդերից ստացված գումարները կառավարությունն այնպես է ծախսելու, որ մի քանի տարի անց մենք ստիպված ենք լինելու նոր, ավելի թանկ վարկ վերցնել՝ այս մեկը փակելու համար. «Եթե կառավարությունը կրճատի անիմաստ ու հսկայական ծախսերը, արտաքին պարտքեր ներգրավելու կարիքը էականորեն կնվազի: Եվ ընդհանրապես՝ եթե մեր կառավարությունն արդյունավետ գործեր, ՀՀ տնտեսությունը շատ ավելի զարգացած կլիներ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2015