Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակցի դեմ գործը Էրեբունու դատարանում է

Ապրիլ 02,2015 16:00

Անցյալ տարվա հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչը քաղաքացի Աշոտ Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ հարուցելու մասին: Ըստ այդ հաղորդման, «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ -աշխատակից Անդրանիկ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2014 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում օրինական հիմքերով Դավիթ Բեկի փողոցի 83/9 հասցեին կից հողատարածքը մինչեւ 2014 թվականի մայիս ամիսն իր անվամբ սեփականաշնորհելու պատրվակով մաս-մաս իրենից վերցրել է ընդհանուր 4 000 000 ՀՀ դրամ գումար, սակայն չի սեփականաշնորհել հողատարածքը եւ խաբեությամբ տիրացել է նշված գումարին»:

2014 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ՝ Աշոտ Սարգսյանը ճանաչվել է որպես տուժող:
2014 թվականի նոյեմբերի 14-ին որոշում է կայացվել Անդրանիկ Անատոլիի Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, վերջինիս առաջադրվել է մեղադրանք:
2014 թվականի նոյեմբերի 15-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Անդրանիկ Անատոլիի Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պահանջով, որը դատարանի կողմից մերժվել է:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ քննիչի կողմից Անդրանիկ Անատոլիի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2014 թվականի նոյեմբերի 21-ի որոշումների համաձայն՝ Անդրանիկ Հարությունյանի անշարժ եւ շարժական գույքի վրա կալանք է դրվել:

2014 թվականի դեկտեմբերի 5-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, որը դեկտեմբերի 8-ին հաստատվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ. Ենգիբարյանի կողմից, ու քրեական գործը ուղարկվել էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունվել է դատավոր Դ.Հարությունյանի վարույթ:

Հետագայում գործն ուղարկվել է Էրեբունու դատարան, ուր ապրիլի 9-ին կշարունակվի այս քրեական գործով դատաքննությունը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930