Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Մարտուն Մելքումյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Մարտուն Մելքոնյանի պաշտպանությունն իրականացնում է ճանաչված փաստաբան Անահիտ Եսայանը:
Սիսիանի քառասունհինգամյա բնակիչը, որը ոչ մի տեղ չի աշխատել, մեղադրվում է անցյալ տարվա հունիսի 16-ին ավազակային հարձակում կատարելու համար:
Նա ավազակային հարձակում կատարելու նպատակով այդ օրը՝ գիշերվա տասներկուսից հետո, մուտք է գործել Երեւան քաղաքի Նար-Դոսի 30 հասցեում գտնվող մթերային խանութ: Խանութում, բացի վաճառողուհուց, որեւէ մեկը չի եղել:
Նա իր մոտ եղած 6 փամփուշտով լիցքավորված ինքնաշեն ակոսափող հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակով խանութի աշխատակից, տուժող Ռուզաննա Անտոնյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, գումար պահանջել: Այդ ժամանակ մեկ անգամ կրակոց է արձակել, որից հետո բռնվել է օգնության հասած քաղաքացիների կողմից:
Ի դեպ, փամփուշտը գտնվել էր շաքարավազի պարկի միջից, իսկ խանութի երիտասարդ աշխատակցուհին մինչ օրս սթրեսային վիճակում է գտնվում:
Նար-Դոսի բնակիչներից մեկը մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ մինչ ավազակային հարձակում կատարելը, ամբաստանյալը մոտ մեկ ամիս «օգտվել» է խանութից, գնացել-եկել, սիգարետ գնել, հաց:
«Առավոտ» օրաթերթ
01.03.2015