Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվաբնակ նկարչուհին կտրված չէ հայրենիքից

Ապրիլ 02,2015 14:30

Հինավուրց ավանդույթներ եւ մասշտաբներ ունեցող ռուսական կերպարվեստում հայ նկարիչները բարձրարվեստ աշխատանքներով մշտապես հաստատել են իրենց ներկայությունը, հատկապես՝ խորհրդային շրջանում։

ՌԴ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միությունների անդամ Ասյա Հակոբյանը (լուսանկարում) «Առավոտին» հավաստիացրեց, որ չնայած շուրջ 25 տարի ապրում ու ստեղծագործում է Մոսկվայում, իր նկատառումներով, հայերի արվեստն այսօր դարձյալ ցանկալի է ու գնահատված ռուսների կողմից։

Նկարչուհու արվեստին այնքան էլ ծանոթ չեն հայրենիքում, թեեւ նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են ՌԴ, ԱՊՀ եւ Եվրոպայի մի շարք քաղաքներում։ 2014 թ. առաջին անգամ սեփական նախաձեռնությամբ արվեստագետը Երեւանում ներկայացել է բարեգործական ցուցահանդեսով եւ ողջ հավաքածուն նվիրաբերել «Բարի կամքդ» բարեգործական հիմնադրամին։ Օրերս էլ «Մեգերյան կարպետ» ցուցասրահում ընդամենը մեկ օր նկարչուհին ներկայացավ «Իմ հայ ժողովուրդ» խորագրով ցուցադրությամբ, այցելուներին ծանոթացնելով իր 60 դիմանկարներին։ Իսկ մեկ աշխատանքը՝ «Ռեքվիեմը», նա նվիրաբերելու է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

Asya-Hakobyan

Ասյա Հակոբյանի «Դիմանկար» աշխատանքը:

«Կայացած ցուցադրությունս շարքի սկիզբն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով։ Ապրիլի 5-ին Հայաստանի նկարիչների միությունում ես եւ դարձյալ մոսկվաբնակ գործընկերս՝ Նելլի Դանիելյանը, կներկայանանք «Ես եմ եռագույնը» ցուցադրությամբ։ Նելլին հանդիսանում է ռուսաստանյան ֆիտոկոլաժիստների միջազգային «Ֆլորիսիմա» ասոցիացիայի փոխնախագահը։ Այս ցուցադրությունը կլինի շարունակական Ռուսաստանի, ԱՊՀ եւ եվրոպական որոշ քաղաքներում։ Եզրափակիչ ակորդը կկայանա Երեւանում՝ սեպտեմբերի 21-ին, «Վերածնունդ» անունը կրող միջոցառմամբ։

Կներկայացվեն շուրջ 300 անդամ ընդգրկող ասոցիացիայի տարբեր ազգերի նկարիչների գործեր»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Նա նշեց նաեւ, որ ինքն ու Նելլի Դանիելյանը 2013 թ. սեփական աշխահանքների նվիրատվություն են կատարել Շուշիի նորաբաց թանգարանին եւ որպես «արդարացում» էլ ասաց. «Ճիշտ է, ես ու Նելլին հաճախ մեր աշխատանքներով չենք ներկայանում հայրենիքում, սակայն ապրելով դրսում՝ մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում հայաստանյան մշակութային անցուդարձը եւ հնարավորության դեպքում հեռվից արձագանքում»։

Հետաքրքրվեցինք՝ արվեստագետն ինչ կարծիքի է անդադար շահարկվող այն մտքի հետ, թե խորհրդային տարիներից եկող ստեղծագործական միությունները մեր օրերում ավելորդ են եւ հարցրինք, թե, օրինակ, իրեն ի՞նչ է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միությանն անդամակցելը։ Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Այդ երկու կառույցներին անդամակցելը աշխատանքներդ անվճար ցուցադրելու հնարավորություն է տալիս»։
Դիտարկմանը, թե նկարչուհու աշխատանքներում գերիշխում են դիմանկարները, Ասյա Հակոբյանը պատասխանեց. «Դիմանկարների միջոցով պատկերում եմ մարդկային տարբեր հոգեվիճակներ: Դիմանկարներս հիմնականում երեւակայության արդյունք են, որոնցում, բնականաբար, «ներարկում» եմ նաեւ իմ հոգեվիճակները»։

Մեր տեղեկություններով, նկարչուհին խնդիր չունի աշխատանքները վաճառելու, որովհետեւ ամուսինը ճանաչված բիզնեսմեն է։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ասյա Հակոբյանն ասաց. «Այո, ամուսինս իսկապես ճանաչված բիզնեսմեն է, ու թեեւ նրա աշխատանքը կապված է դարձյալ արվեստի հետ, սակայն նա երբեք չի խառնվում իմ ստեղծագործական գործունեությանը»։ Առանց մանրամասնելու էլ հավելեց, թե, այդուհանդերձ, հաճախ ստանում է պատվերներ. «Իմիջիայլոց, գործերս նաեւ նվիրում եմ»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930