Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտով անմոռուկների տեսքով տատուներ կլինեն»

Ապրիլ 02,2015 13:30

Ասում է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն
ու վստահեցնում, որ ֆետիշացում է տիրում

Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Այս օրերին տարբեր հաստատություններ՝ մասնավորապես մանկապարտեզներն ու դպրոցները, անմոռուկներով եւ ապրիլ 24-յան այլ խորհրդանիշներով են ձեւավորում, հիմնականում ռաբիս ու անճաշակ ձեւով: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի տեսակ տոնի են վերածել: Այն, որ անմոռուկ խորհրդանիշը կորցրել է իր իմաստը, դա ակնհայտ է բոլորին, որովհետեւ այդ խորհրդանիշով գրեթե ամեն ինչ է թողարկվել ու վաճառվում գետնանցումներում ու վաճառքի այլ մանր-մունր կետերում՝ շապիկներ, գլխարկներ, շարֆեր, անգամ այդ պիտակով հանքային ջուր են թողարկում: Հանրակրթական դպրոցներն էլ իրենց հերթին են չափն անցնում, դրանցից շատերում անմոռուկ խորհրդանիշով ջահեր էին պատրաստվել՝ կախվել, վարագույրներ ու անգամ դպրոցի պատերն այդ գույնով ներկվել ու հսկա ծաղիկներ փակցվել, ինչի արդյունքում նկատողություն էին ստացել: Բայց սա էլ չի խանգարում, որ ոմանք շարունակեն սուգը տոնի տպավորության տակ անցկացնել, մարդկանց զարմացնել դպրոցներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետներ տեղադրել, հատուկ անկյուններ «հիմնել», ծաղկեպսակներ դնել:

«Առավոտի» հետ զրույցում, թե ինչ է մտածում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այն մասին, որ այս օրերին ապրիլ 24-յան թեմաներով ձեւավորում են տարբեր կառույցներ, եւ արդյոք իրենք չե՞ն պատրաստվում նման բան անել, պարոն Բաբայանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մենք նման բաներ չենք արել, չենք անում ու չենք էլ անելու, անգամ այդ անմոռուկներով: Ես լավ հիշում եմ, թե ինչպես էին նշում Լենինի 100-ամյակը եւ ես չեմ ուզում, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նմանվի դրան: Ես սխալ եմ համարում, որ կրթօջախներում նման բաներ են անում: Սա կոչվում է ֆետիշացում ու լավ բան չէ դա: Հիմա որոշակի մրցակցություն է մտել, թե ում մոտ այդ անմոռուկներն ավելի շատ կլինեն, մանավանդ, որ մեծ մասի մոտ անճաշակ ձեւավորում է լինում, տոնական տրամադրություն հաղորդում: Եթե այսպես շարունակվի, շուտով անմոռուկի ձեւով տատուներ էլ կլինեն…»: Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք նաեւ սահմանամերձ գյուղեր կատարած իրենց այցերի հաջորդականության մասին: Նրա փոխանցմամբ՝ այս տարի եւս նախատեսված էր, առաջարկը ստացել էին եւ հունվար ամսվա վերջին գնացել սահմանամերձ Մովսես գյուղում խաղացել Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացումը: Հաջորդ այցն էլ, ըստ Ռուբեն Բաբայանի, նույն նախաձեռնության համատեքստում է. սկսել են սահմանամերձ գյուղեր թատրոններ ու խմբեր տանել: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը սպասում է համապատասխան առաջարկին:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930