Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Եվրոպայի առաջնությունը բազմաթիվ հարցերի պատասխանը կտա»

Ապրիլ 02,2015 13:00

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մարտի 27-ից մեկնել են Թբիլիսի, որտեղ ապրիլի 9-ից 18-ը կայանալիք Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների նախապատրաստության վերջին փուլն են անցկացնում:

Մոտ օրերս մեր մարզիկների կողքին լինելու նպատակով նրանց կմիանա նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը: Թբիլիսի մեկնելուց առաջ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց նրա հետ:

– Պարոն Խեչանյան: Ինչպե՞ս է ընթացել հավաքականների նախապատրաստությունը:

– Նախապատրաստությունը Եվրոպայի առաջնությանը դեռ չի ավարտվել: Այն շարունակվում է Թբիլիսիում: Իսկ դրանից առաջ ֆեդերացիան լիովին իրականացրել է հավաքականների համար պլանավորած բոլոր ծրագրերը:

– Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը մոսկվաբնակ գործարար Արմեն Շախազիզյանն է, որը լուրջ միջոցներ է ներդնում Հայաստանում հենակետային մարզաձեւը զարգացնելու եւ միջազգային մրցասպարեզներում մեր ծանրորդների նվաճումները բազմապատկելու ուղղությամբ: Ռուսաստանում ստեղծված ճգնաժամը բացասաբար չի՞ անդրադարձել մեր ֆեդերացիայի նյութական ապահովվածության վրա:

– Ամենեւին: Ֆեդերացիայի նախագահը շարունակում է նույն կայունությամբ ֆինանսավորել բոլոր ծրագրերը, հավաքականներին՝ սկսած բարձր կալորիականությամբ սննդից, վերջացրած՝ ամենաժամանակակից վերականգնիչներով ու վնասվածք ստացած մարզիկների բուժումը կազմակերպելով: Աշխարհում քիչ երկրներ կլինեն, որտեղ ծանրորդները բոլոր առումներով իրենց այդքան ապահովված զգան: Ֆեդերացիային մեծապես օգնում են նաեւ պետությունը՝ մարզաձեւի աջակցության համար հատկացվող միջոցներով եւ ՀԱՕԿ-ը:

– Քանի որ խոսեցիք վնասվածքների մասին, ասացեք, խնդրեմ, հայաստանյան վերջին հավաքի ավարտին ի՞նչ է պատահել Առաքել Միրզոյանի հետ:

– Առաքելը ցավեցրել է արմունկը: Նրան հետազոտել են լավագույն բժիշկները: Նրանց խոսքերով՝ Առաքելը շուտով կարող է վերսկսել մարզումները: Հունվարին կայացած վիրահատությունից հետո ամենայն լրջությամբ մարզվել սկսել է նաեւ Մելինե Դալուզյանը, որի հետ արդեն այս տարի լուրջ հույսեր ենք կապում:

– Թբիլիսի մեկնած ծանրորդները ի՞նչ մարզավիճակում են:

– Ես ամեն օր կապի մեջ եմ մեր մարզիչների հետ: Ամեն բան կարգին է, մարզվում են իրեց ծրագրի համապատասխան:

– Եվրոպայի առաջնությունում ի՞նչ սպասենք մեր ծանրորդներից:

– Լավ մրցելույթներ ու համառ պայքար:

– Մեդալներ կլինե՞ն:

– Ծանրամարտը իսկապես ծանր մարզաձեւ է: Եվրոպայի առաջնություն մեկնել են միայն նրանք, ովքեր մարզիչների կարծիքով ի վիճակի են մրցակիցների համար խնդիրներ ստեղծել: Բոլորը չէ, որ կարող են մեդալների համար պայքարել: Բայց այդպիսի ծանրորդներ մեր հավաքականներում ունենք: Թույլ տվեք՝ անուններ չտամ: Հասկանալի է, որ հայ մարզասերները հաղթանակների են սպասում: Մեզ համար էլ մեդալները կարեւոր են ու նաեւ դրանց համար են ծանրորդները մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Բայց իմ, ֆեդերացիայի համար պակաս կարեւոր չէ յուրաքանչյուր ծանրորդի ցույց տրվելիք արդյունքի աճը:

– Հեռանկարում ունեք աշնանը կայանալիք աշխարհի առաջնությո՞ւնը:

– Եվ դա, եւ 2016 թվականի օլիմպիական խաղերը, որի հետ կապված արդեն համարձակ նպատակներ ենք դրել մեր առջեւ:

– Աշխարհի առաջնությունում որոշվելու է, թե Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանը քանի՞ մասնակից ծանրորդ կունենա:

– Անցած տարվա աշխարհի առաջնության արդյունքներով Հայաստանն ունի տղամարդկանց՝ 5 եւ կանանց՝ 2 պայմանական ուղեգիր: Մեր նպատակը աշխարհի այս առաջնությունում տղաների հինգ տեղերը պահպանելն է, իսկ աղջիկներինը՝ եւս մեկով ավելացնելը: Բայց, ինչպես ասում են, եկեք ժամանակից առաջ չանցնենք ու առայժմ կենտրոնանանք Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնության վրա, որը բազմաթիվ հարցերի պատասխան է տալու:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930