Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի սուտ խոսելու պատճառները

Ապրիլ 02,2015 11:00

Ցանկացած ծնող վաղ թե ուշ բախվում է երեխայի ստախոսության խնդրին: Ինչո՞ւ է երեխան ստում եւ արդյոք կարելի՞ է խուսափել դրանից: Ըստ հոգեբանների, սիստեմատիկ սուտը կրտսեր դպրոցականների մոտ պետք է դառնա առաջին տագնապային ազդանշանը ծնողների համար, որ իրենց երեխան ունի որոշակի խնդիրներ:

Հոգեբան Սոնա Գալստյանն այս թեմայի շուրջ խոսելով «Առավոտի» հետ` ասաց, որ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ սուտը երեւակայական բնույթ ունի: Այս տարիքի երեխաների մոտ երեւակայությունն այնքան հարուստ է, որ նրանց դուր է գալիս հնարել պատմություններ, որի դեպքում ծնողները չպետք է բարկանան երեխայի վրա՝ նրա վառ երեւակայության համար: Ընդհակառակը, նրանք պետք է օգնեն երեխային` խոսելով նրա երեւակայության մասին: Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին հանձնարարել նկարել իրենց երեւակայական աշխարհը, այդ կերպ նախ ծնողները հոգեպես կմտերմանան երեխայի հետ եւ էլ ավելի լավ կհասկանան նրա երեւակայության ներքին բովանդակությունը: «Եթե ծնողը ձեւացնում է, թե հավատում է փոքրիկի հորինված պատմություններին, ապա նա թույլ է տալիս, որ երեխան անընդհատ շարունակի նույն կերպ երեւակայել ու հնարել»,- ասաց մասնագետը: Ըստ Սոնա Գալստյանի, նման դեպքերում, երեխան մեծանալով՝ կհնարի արդեն ավելի ճշմարիտ պատմություններ, որի մեղավորները կարող են դառնալ քույրերը, եղբայրները կամ ընկերները, իսկ դառնալով ավելի հասուն եւ չգտնելով հարմար «զոհ» մեղքը բարդելու համար` երեխան կսկսի ծնողներից թաքցնել որոշ փաստեր:

Մանկական ստախոսության հիմնական պատճառներից խոսելով՝ հոգեբանը նշեց, որ այդ կերպ երեխան փորձում է արդարացնել իրեն ուղղված սպասումները, պետք չէ զարմանալ, որ երբեմն ծնողներն իրենք են երեխային մղում ստախոսության` ներկայացնելով նրան մեծ պահանջներ: «Երեխան ուզում է արդարացնել մեծահասակների սպասումները, այդ պատճառով էլ ստում է իր հաջողությունների մասին: Ծնողները պետք է փորձեն ռեալ գնահատել երեխայի կարողությունները եւ ներկայացնեն պահանջներ միայն բանականության սահմաններում»,- ասաց Սոնա Գալստյանը: Ըստ մասնագետի, ստախոսության ամենատարածված պատճառը ուշադրություն գրավելն է. երեխան կարող է հնարել սուտ պատմություններ, որպեսզի ուշադրություն գրավի, որպեսզի իրեն զգա լիարժեք, կամ մեկ այլ տարածված պատճառ` փախուստ պատժից: Երեխան հաճախ ստում է, որովհետեւ վախենում է, որ իրեն կպատժեն: Մասնագետը նշում է, որ հենց ծնողներն են իրենց պատժիչ ձեւերով դաստիարակում երեխայի մեջ վախ եւ սեփական մեղքը չճանաչելու ցանկություն: Վախ՝ անհաջողության վերաբերյալ, երբ երեխան ամաչում է իր արարքից եւ չի ցանկանում, որ ինչ-որ մեկն իմանա դրա մասին, եւ, բնականաբար, հորինում է պատմություններ: Կամ՝ երեխան ընդօրինակում եւ սովորում է ստել ծնողներից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930