Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ապրիլի 1-ին սկսել է իր նախընտրական քարոզարշավը: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն մյուս կուսակցությունների իրենք որդեգրել են մարտավարություն առանձին թիմերով այցելել առանձին շրջաններ եւ այդ եղանակով ներկայացնել կուսակցության ծրագրային հիմնադրույթները:
Նա ասաց, որ կուսակցության նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված ղարաբաղյան հիմնահարցին եւ արտաքին քաղաքական խնդիրներին եւ մարտահրավերներին: Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում պարտվելու է, քանի որ միասնական ճակատով հանդես չի գալիս: Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ղարաբաղյան ընդդիմությունը ընտրությունների ընթացքում հնարավորություններ ունի՞, նա պատասխանեց. «Ընդդիմությունը միշտ կարող է առաջ գնալ եւ ունի համապատասխան քայլեր: Մենք ժամանակին եղել ենք ընդդիմություն եւ կարողացել ենք ընդդիմադիր ճակատում սկզբունքային հարցեր ներկայացնել եւ մեր սկզբունքները պահպանել: Ինչպիսին կլինի ներկա ընդդիմությունը դժվար կլինի ասել, բայց դատելով երկու տարիների ընթացքում քաղաքական դաշտում տեղի ունեցած անցուդարձից շատ պարզ երեւում է, որ ընդդիմությունը տարբեր ճակատներով եւ տարբեր քաղաքական կուսակցությունների ձեւաչափով է հանդես գալիս»:
Պարոն Իշխանյանը չի կարծում, որ միասնական ճակատով հանդես չգալը ընդդիմությանը կարող է խանգարել. «Ժամանակին, երբ մենք ընդդիմություն էինք, առանձին հանդես գալով կարողացել ենք մեր մնայուն եւ հաստատուն տեղն ունենալ: Դա կախված է յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցության ունեցած կեցվածքից, դիրքերից եւ քարոզարշավի ընթացքում ձեռք բերած արդյունքներից»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ