Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդը, որ «յուրիստ» էր ու հումորիստ

Ապրիլ 01,2015 22:17

Տաքսու վարորդները ամենահետաքրքրասեր ու տեղեկացված խավն են, հատկապես քաղաքական վերլուծություններ անելիս՝ նրանք մրցակից չունեն: Մի առիթով բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը նրանց որակել է բանվորականության էլիտա, թեեւ տաքսու վարորդների մեծամասնությունը հավաստիացնում է, որ ժամանակին Ռուսաստանում կամ Եվրոպայում «լավ գործ» կամ պաշտոն  է ունեցել: Այսօր ինձ հանդիպած տասքու վարորդն էլ  չէր տարբերվում իր գործընկերներից: 20 րոպեում նա հասցրեց պատմել, որ երկու բարձրագույն կրթություն ունի, առաջին մասնագիտությամբ «յուրիստ» է: Ասաց, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին կռվել է, բաց խոսելու ու իշխանություններին քննադատելու համար  մի քանի տարի առաջ ընկել «շեստոյի դռբի տակ», այնքան ծեծվել, որ տուն գալուն պես կինը հեռացել է՝ մտածել է չի ապրի այդ ծեծից հետո: Իր մասին պատմելուց հետո  տաքսու վարորդը խոսեց նաեւ սահմանային լարվածությունից ու այդ պահին աչքերը լցվեցին: Ասաց՝ ո՞նց են բանակ տանելու այն ծնողների մյուս որդիներին, երբ նրանց զավակները թշնամու «փայ» են դարձել, իսկ հաշմվածները գումար չունեն բուժվելու: Խոսելիս վարորդը հուզվել էր, շունչը կտրվում էր, խնդրեցի, որ մի պահ կանգ առնի: Ասաց. «Հուզվում եմ նման բաների մասին մտածելիս, բանակին պետք է լավ նայել»:

Երբ լուսացույցի կարմիր լույսի ներքո մեքենան կանգած էր, վարորդը տեսավ, որ իր կողքին  շիկահեր գեղեցկադեմ կնոջ մեքենա է կանգնած: Մեքենայի ապակին իջեցրեց ու ձայն տվեց. «Քույրիկ ջան, մի հարց տամ, այ դուք կին վարորդ եք, կասե՞ք ընթացքի ժամանակ ձեր մեքենայի ո՞ր  կալյոսը չի պտտվում»: Շիկահերը զարմացավ. «Բոլորն էլ պտտվում են կարծես…բայց մի րոպե, կհուշե՞ք, թե որ անիվը չի պտտվում»:

«Ձեր մեքենայի հետեւի «կալյոսը»,- բարձր ծիծաղելով ասաց տաքսու վարորդը ու իջեցրեց ապակին: Տիկինը  նայեց իր մեքենայի հետեւի 5-րդ անշարժ անիվին ու լիաթոք  ծիծաղեց:

«Այ սենց էլ ապրում ենք քույրիկ ջան: Ասել-խոսելն էլ, որ չլինի, մարդ կգժվի»,- նորից դեպօի ինձ դարձավ տաքսու վարորդն ու մեծ արագությամբ սլացավ: Հազիվ հասցրի ասել, որ տեղ ենք հասնում, քանի որ ոգեւորված էր իր կատակից: Վարորդը կտրուկ արգելակեց մեքենան. «1000 մանեթ քուրս»: Մանեթը դրամն էր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930