«Շարժում 88» կուսակցությունը ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցում է մեծամասնական 7 թեկնածուով եւ «Մենք պատրաստ ենք ծառայելու, այլ ոչ թե իշխելու» կարգախոսով: Այս կուսակցությունը երկրորդ ոչ իշխանական ուժն է մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ից:
Կուսակցության ցուցակում պատգամավորի թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանի համար Արցախում կարևորագույն հարցերից մեկը ԼՂՀ անվտանգության հարցն է:
«1994թ-ի հրադադարից հեռացնող յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում է հաջորդ պատերազմին: Ցավոք սա իրականություն է և դրան այլընտրանք մեր թշնամին մեզ չի թողնում, իսկ ապացույցների համար երկար մտածել պետք չէ: Գոյության բանաձևը աշխարհում մեկն է՝ ուզում ես խաղաղություն` պատրաստ եղիր պատերազմի: Ընդ որում` հաջորդ պատերազմը լինելու է ոչ միայն բանակների պատերազմ, այլ երկու պետությունների, 2 ազգերի պատերազմ և այն ազգը, որը ավելի կազմակերպված կլինի` կմնա պատմության թատերաբեմում: Պատմությունը սովորաբար կրկնվելու հատկություն ունի, հատկապես այն ազգերի համար, որոնք անհրաժեշտ հետևություններ չեն անում դրանից: Ուզենք, թե չուզենք մեր պատմությունը պայմանավորված է մեր աշխարհագրությամբ, իսկ 21-րդ դարում աշխարհը դարձել է ավելի անկառավարելի, անկանխատեսելի ու ավելի մասնատված: Իմ շահը բոլորից վեր է, սկզբունքը հզոր պետությունների համար եղել և մնում է նույնը: Փակագծեր չեմ ուզում բացել, նշեմ միայն, որ պետության անվտանգության հարցում կանոնավոր բանակից զատ խիստ կարևորում եմ պահեստուժի բանակը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պետական պաշտոնյա պարտավոր է յուրաքանչյուր տարի ծառայել բանակում որոշակի ժամանակով»,- կարծում է պատգամավորի թեկնածուն:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, «Շարժում-88» կուսակցությունը միակն է ԼՂՀ-ում գործող կուսակցություններից, որի ծրագրում «պահեստուժի բանակ» հասկացությունը պետության ֆիզիկական անվտանգության անկյունաքարն է. « Այդ նույն պատճառով էլ 2012թ. նախագահական ընտրություններից հետո ես չեմ գնացել նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհով, քանի որ խորապես համոզված եմ, որ պետության անվտանգությունը դա վեր կուսակցական խնդիր է: Իմ քաղաքական գործունեության վերջին 10 տարիներին համագործակցել և առնչվել եմ Շարժում-88 կուսակցության հետ: Իսկ հիմա ԱԺ ընտրություններին մասնակցում եմ Շարժում-88 կուսակցության հետ, քանի որ համոզված եմ, որ ճիշտ չենք ապրում, այսպես շարունակել չի կարելի: Հետևանքները կարող են աղետալի լինել: Օրեցօր թշնամին ավելի է լկտիանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ