Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաեւն այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ճնշման տակ է խոստովանական ցուցմունքներ տվել: «Ինձ եւ իմ ընկերոջն էին սպառնում, այդ պատճառով էլ համագործակցել եմ նրանց հետ»,- Դադաեւի խոսքերն է մեջբերում «Ria»-ն:
Նա հավելել է, որ սպանության ժամանակ ուրիշ շրջանում է եղել: «Ես ունեմ վկաներ եւ ալիբի»:
Զաուր Դադաեւը հայտարարել է նաեւ, որ իրեն առեւանգել են. «Ինձ առեւանգել են մարտի 5-ին, իսկ մարտի 7-ին ասել են, որ ձերբակալված եմ: Որտե՞ղ էի ես երկու օր: Ի՞նչ է ինձ հետ եղել այդ երկու օրերի ընթացքում: Այդ ամբողջ ընթացքում ինձ ասում էին, որ որտեղ եւ ինչ պետք է ասեմ»:
Դատախազն, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, որ բողոք չի ստացել ճնշման եւ առեւանգման մասին: Քննիչն էլ հավելել է, որ տվյալները կստուգվեն եւ ավելացրել, որ բացի Դադաեւի խոստովանական ցուցմունքներից, կան մի շարք ուրիշ ապացույցներ, որ նա մասնակից է հանցագործությանը, այդ թվում՝ ուրիշ վկաների ցուցմունքները:
Կարդացեք նաև
Այս պնդմանը Դադաեւը պատասխանել է, որ վկաներից ոչ ոք իրեն չի ճանաչել: «Չկա մի վկա, որը կասի. «Այո, դա Դադաեւն էր»: Մի վկա էլ ասել է, որ սպանողը Դադաեւը չէր»,- ասել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ