«Ես երբեք այսքան ժողովուրդ մի տեղ չէի հավաքել. այսօր էլ ես չեմ հավաքել. գրադարանն է կազմակերպել: Որպես գաղտնիք ասեմ, որ, երևի, կյանքում առաջին անգամ է, որ ես նստում եմ, ու ինձ բեմից մեծարում են, մարդիկ էլ լսում են: Բայց առանձնապես հաճելի զբաղմունք չէ. եթե հաճելի լիներ, էլի եղած կլիներ»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:
Մարդաշատության պատճառը բանաստեղծի «Ճանապարհորդ արևը» մանկական գիրքն էր, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Խնկո-Ապոր անվան գրադարանում:
Գրադարանի անձնակազմն անակնկալ էր պատրաստել Ա. Շեկոյանի համար. մի խումբ երեխաներ նոր գրքի առթիվ շնորհավորեցին գրողին հենց գրքում տեղ գտած բանաստեղծություններով:
Կարդացեք նաև
«Անչափ ուրախալի է տեսնելը, որ ժամանակակից գրականության մեջ այսքան լավ մանկական բանաստեղծություններ կան, և, ամենակարևորը, դրանք դուր են գալիս երեխաներին: Հաճախ են ասում, որ Թումանյանից, Աղայանից հետո մանկագիրներ չունենք, սակայն նման բան ասում են այն մարդիկ, որոնք ծանոթ չեն ժամանակակից գրականությանը, ծանոթ չեն, օրինակ, Շեկոյանի գործերին»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հորդորելով ուսուցիչներին ժամանակակից մանկագիրների գործերը նույնպես կարդալ տալ երեխաներին: «Իսկ Շեկոյանին ուզում եմ խնդրել, որ շարունակի իր գործը, որպեսզի երեխաներն ամեն օր մի նոր բան կարդան»,- հավելեց է. Միլիտոնյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ