Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե շարունակենք խռով մնալ, ինչպե՞ս կարող ենք ինչ-որ հարց լուծել». ռեժիսոր

Ապրիլ 01,2015 20:03

Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի մի ֆիլմ, որի հիմքում Ջեմալ փաշային սպանած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռան՝ Արմեն Գևորգյանի և Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հանդիպումն է:

Խոսքը Հրանտ Հակոբյանի «Հանդիպում» վավերագրական ֆիլմի մասին է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Հակոբյանի ֆիլմերը գեղարվեստական մտածողություն ունեն, և այս մեկն էլ բացառություն չէ: «Հանդիպում» վերնագիրն առաջին հայացքից կարծես ոչինչ չի ասում, սակայն ֆիլմը դիտելիս պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը, և թե ինչքան ճիշտ վերնագիր է ընտրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց կինոգետ Սերգեյ Գալստյանը:

Ըստ նրա՝ ֆիլմը մի շատ կարևոր հարցի պատասխան է տալիս՝ ո՞րն է մեր ապագան: «Ֆիլմում նշվում է, որ ապագան երկու ժողովուրդների երկխոսությունն է և խաղաղությունը: Ֆիլմը նաև թուրքերին ցույց է տալիս իրենց դեմքը՝ պատմական ակնարկ կատարելով անցած-գնացածի մասին»,- ասաց կինոգետը:

«Սա հանդիպում է նաև մեր պատմության, անցյալի, խնդիրների հետ,- հավելեց Հրանտ Հակոբյանը.- կարծում եմ` հենց հանդիպումների միջոցով էլ պետք է առաջ գնանք՝ իհարկե, պահանջատեր լինելով հանդերձ: Եթե մեկը մյուսի հետ շարունակի խռով մնալ, ինչպե՞ս կարող ենք ինչ-որ հարց լուծել»:

Ինչ վերաբերում է Հասան Ջեմալի և Արմեն Գևորգյանի հանդիպմանը, վերջինս այսօր նշեց, որ առաջին անգամ Հասան Ջեմալի հետ հանդիպել է 2008 թվականին, և հանդիպման ժամանակ ավելի շատ բարդույթավորվել է Ջեմալը, ոչ թե ինքը. «Նա էր հանդիպելու մի մարդու հետ, որի պապն սպանել էր իր պապին: Սակայն խոսակցության առաջին րոպեներից անցավ այդ բարդույթը, քանի որ մենք խոսում էինք ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: Դրանից հետո մենք նամակագրական կապի մեջ ենք եղել: 2014-ին Ջեմալը կրկին Հայաստանում էր, մենք հանդիպեցինք, և նա հարցրեց՝ բավական չէ՞ լարված հարաբերություններ ունենալ, և արդյո՞ք ժամանակը չէ առանց գերտերությունների նստել երկխոսության: Ես, բնականաբար, իմ համաձայնությունը տվեցի»,- պատմեց Ա. Գևորգյանը և հավելեց, որ ապագան ավելի շատ կախված է թուրքերից. այն իմաստով, որ թուրք հասարակությունը պետք է իմանա իրականությունը, իր պատմության մութ կետերը, և պետք է իմանա ոչ թե հայերից, այլ իր իշխանությունից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930