Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական եւ ռուսական տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպեցին

Ապրիլ 01,2015 19:40

«Այբ» կրթական հիմնադրամում ապրիլի 1-ին կրթական հիմնադրամը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպել էին հայկական եւ ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ռուսական հարյուր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Yandex, 1C, Samsung, Dell, Acer, IBM, Siemens:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի իրենց ռուս գործընկերներին ծանոթացնեն հայկական իրականության հետ: Նա հանդիպումը կարեւորում է նաեւ ոլորտի զարգացման տեսանկյունից. «Ես կարծում եմ՝ մարդկային կոնտակտները այն հիմնաքարն է, որի հիման վրա հետագայում հնարավոր է նաեւ խոսել բիզնես կոնտակտների մասին: Ոլորտի զարգացումը նշանակում է այլ շուկաներում մարդկային կապերի ստեղծում, ինչն էլ մենք անում ենք»:

IBM ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Ֆիլատովը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ իրենց կազմակերպությունը Հայաստանում գործընկերներ ունի եւ ծանոթ է հայկական ՏՏ ոլորտի հետ. «Այս հանդիպումը նախ եւ առաջ հնարավորություն է Հայաստանի շուկայում նոր տեխնոլոգիաներ ներկայացնելու համար, այսպես ասած՝ հնարավորություն է զարգացնել բիզնեսը ի օգուտ տնտեսության»:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը իր ողջույնի խոսքում հայտարարեց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա եւ Հայաստանում այդ ոլորտը մեծ տեմպերով է զարգանում:

«Մենք մեր տեխնիկական ֆակուլտետներում մեծ մրցույթների ենք ականատես լինում: Մենք հպարտ ենք, որ այս ոլորտում երիտասարդները պահանջված են: Հայաստանում գործող համալսարաններն ունեն IT մասնագետների համար նախատեսված մրցակցային ծրագրեր: Մենք բիզնեսի եւ ուսումնական հաստատությունների միջեւ սերտ կապ ենք տեսնում: Շատ կազմակերպություններ համագործակցում են բուհերի հետ, այնտեղ բացում իրենց կենտրոնները, որոնք օգնում են նրանց կադրերին պատրաստել իրենց պրոֆիլով»,-ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930