Բելառուսի նախագահը կարծում է, որ Միացյալ Նահանգներն անհապաղ պետք է միանա Ուկրաինայի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին։ Բելառուսի նախագահը, ում գլխավորությամբ երկրի քաղաքական էլիտան և խոշոր նավթաքիմիական ձեռնարկությունները դեռևս ենթարկված են արևմտյան, այդ թվում ամերիկյան պատժամիջոցների, «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում պնդում է, որ Միացյալ Նահանգների մասնակցությամբ միայն հնարավոր կլինի հասնել Ուկրաինայում խաղաղության։
Լուկաշենկոն «Բլումբերգ»-ի հետ զրուցել է դեռևս փետրվարի 12-ին՝ Մինսկի անկախության պալատում նորմանդական քառյակի բանակցություններից հետո։ Պարբերականը նշում է, որ հարցազրույցը բավական ծավալուն է, և որ առայժմ հրապարակում են այդ հարցազրույցից մի հատված, որում նախագահ Լուկաշենկոն անդրադարձել է Ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացին։
«Ամենաշատն անհանգստացնում է այն, որ Ուկրաինայի շուրջ ընթացող նորմանդական ձևաչափով բանակցություններին ԱՄՆ-ն մասնակից չէ։ Ես կարծում եմ, որ առանց ամերիկացիների Ուկրաինայում հնարավոր չէ հասնել որևէ կայտառության»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նաև պատմել է , որ վերջերս հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ, ովքեր Բելառուս էին այցելել։ «Ես վճռականորեն նրանց էի հասցնում այդ տեսակետը՝ հայտարարելով, որ չգիտեմ, թե ինչ են ուզում ամերիկացիներն այստեղ՝ Արևելյան Եվրոպայում, մասնավորապես, Ուկրաինայում, բայց եթե ամերիկացիներն ուզում են, որ խաղաղություն և կայունության լինի, նրանք անհապաղ պետք է միանան այդ գործընթացին»,- ասել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում