Օսմանյան տերության կողմից հայերի զանգվածային սպանության գաղափարախոսական նախադրյալների, պլանավորման ու իրագործման մասին պատմող «Геноцид армян. Полная история» գիրքն այսօր ներկայացվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ):
Գրքի հեղինակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆրանսահայ պատմաբան Ռեյմոն Հարություն Գևորգյանն է: Նա գրքում օգտագործել է տարբեր երկրների արխիվներում պահպանված քիչ հետազոտված փաստաթղթերը:
Աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է ֆրանսերեն («Le Génocide Des Arméniens») 2006 թվականին՝ «Odile Jacob» հրատարակչության կողմից, և 2011-ին՝ անգլերեն («The Armenian Genocide. A Complete History»)՝ «I. B. Tauris & Co Ltd» հրատարակչության կողմից: Գիրքը թարգմանվել է նաև թուրքերեն:
Կարդացեք նաև
Գիրքը բաղկացած է 6 մասերից, որոնք հաջորդաբար ներկայացնում են Հայոց ցեղասպանության իրագործման փուլերը: Առաջին մասը նվիրված է երիտթուրքերի ու հայերի միջև առաջացած ընդդիմությանը, երկրորդ մասում խոսվում է երիտթուրքերի ու հայերի՝ իշխանության փորձաշրջան անցնելուն, երրորդում արդեն երիտթուրքերի ու հայերի դեմ առ դեմ կանգնելու թեման է բարձրացվում: Չորրորդ և հինգերորդ մասերը վերաբերում են համապատասխանաբար՝ Հայոց ցեղասպանության առաջին և երկրորդ շրջաններին, իսկ վեցերորդ մասը նվիրված է Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Գիրքը, Հարություն Գևորգյանի ձևակերպմամբ, մասնավոր պատմությունների ու փաստերի հիման վրա Ցեղասպանության ողջ աշխարհագրության ցուցադրումն է: Նրա խոսքով՝ մասնավոր պատմությունների համադրումը թույլ է տվել որոշ փաստերի առնչությամբ մի շարք բացահայտումներ անել:
Հեղինակը գրքի մի մեծ բաժին նվիրել է նաև զոհի և ոճրագործի հարաբերությունների նկարագրությանն ու վերլուծությանը. «Փորձել եմ ցույց տալ, թե մշակութային ինչ նմանություններ կային նրանց միջև,- մանրամասնեց պարոն Գևորգյանը.- Հայոց ցեղասպանությունը այն հազվագյուտ զանգվածային ոճիրներից է, որի դեպքում զոհի և ոճրագործի հարաբերությունները նախկինում շատ մտերիմ են եղել»:
Պատմաբան Աշոտ Մելքոնյանը, բարձր գնահատելով «Геноцид армян. Полная история» գիրքը, նկատեց, որ շատ ճիշտ է ընտրված նաև գրքի վերնագիրը, քանի որ այն իսկապես ներկայացնում է Հայոց ցեղասպանության ողջ պատմությունը. «Գիրքն սկսվում է հայ ժողովրդի արմատների ներկայացմամբ և գալիս հասնում է մինչև Ցեղասպանություն: Սակայն այն չի ավարտվում 1915 թվականի դեպքերի նկարագրությամբ. այստեղ տեղ են գտել նաև մինչև 1920 թվականը կատարված իրադարձություններ»,- նշեց պատմաբանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ