Երեկ «Հայ գիրք» գրախանութում կազմակերպված «Չտեսնված Մհեր» գրքի քննարկումից հետո Aravot.am-ը գրքի հեղինակ, Մհեր Մկրտչյանի կին, դերասանուհի Թամարա Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինչ ընթացք է ստանում Մհեր Մկրտչյանի կյանքի մասին ֆիլմի ստեղծումը:
Նշենք, որ դերասանուհին ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հայտարարել էր, որ ցանկանում է ֆիլմ նկարահանել իր եւ Մհեր Մկրտչյանի մասին՝ դրանով պատասխանելով իրենց համատեղ կյանքին վերաբերող բոլոր իրարամերժ հարցերին: Դերասանուհին պատասխանեց, որ դիմել է Հայաստանում գործող շատ հեռուստաընկերությունների՝ «Արմենիա», «Հ1», սակայն ոչ մեկը չի համաձայնվել պատրաստել ֆիլմը: Նա, խոսելով, Մհեր Մկրտչյանի մահից հետո ստեղծված բոլոր ֆիլմերի մասին՝ ասաց, որ բոլորը պլագիատ են:
«Բոլոր այն ֆիլմերը, որ նրա մահից հետո ստեղծվել են ոչ միայն ոչ ստույգ, խեղաթյուրված փաստերով, շատ մակերեսային, միակողմանի ֆիլմեր են, նաեւ շատ կարեւոր բան կա այստեղ. բոլոր այն ֆիլմերը, որ ստեղծվել են նրա մահից հետո, բոլորը պլագիատ են: Նրա կենդանության օրոք ստեղծվել է մի ֆիլմ՝ Մոնիկա Տեր-Պողոսյանի սցենարով, ինքը կար դեռ այդ ժամանակ: Այդ ֆիլմը կոչվում է՝ «Ուրախ եւ տխուր մարդը»: Բոլոր այն ֆիլմերը, որ ստեղծված են նրա մահից հետո, գողացված են այդ ֆիլմից: Եթե այսօր Մոնիկա Տեր-Պողոսյանը լիներ եւ իր իրավունքները պաշտպաներ, նա բոլորին պետք է դատի տար: Բոլոր՝ նրա մահից հետո ստեղծված ֆիլմերում կադրերն օգտագործված են «Ուրախ եւ տխուր» մարդը ֆիլմից. դա բառիս բուն իմաստով պլագիատ է»,- ասում է տիկին Թամարան, նշում, որ Մհեր Մկրտչյանի մասին նկարահանված հատկապես վերջին ֆիլմերում բոլոր փաստերը խեղաթյուրված են ու շատ վիճելի:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ