Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում մայրաքաղաքում գտնվող հայկական սփյուռքից ՀԲԸՄ շուրջ 100 ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների, Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կնպաստի նմանատիպ նախաձեռնությունների շարունակականության ապահովմանը:
«Մեր ժողովուրդը գրի ու գրականության հանդեպ միշտ էլ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք: Այս համատեքստում բնավ պատահական չէր, որ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք ու 2012 թվականին, մի ամբողջ տարի, հպարտությամբ ու պատվով կրեց այդ պատվաբեր ու պատասխանատու տիտղոսը: Մենք՝ հայերս, մշտապես առանձնացել ենք նաև նորն ու առաջադեմը արագ յուրացնելու հարցում: Նաև այս տեսանկյունից է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իսկապես շատ կարևոր ու շնորհակալ աշխատանք իրականացրել: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մեր 2796-ամյա մայրաքաղաքն այսպիսով աշխարհին ներկայանում է նաև որպես զբոսաշրջային քաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ էլեկտրոնային գրքերը հետզհետե ավելի լայն կիրառում կունենան հասարակության շրջանում, ինչն իր հերթին կնպաստի գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
Կարդացեք նաև
«Ու հատկապես նկատի առնելով աճող սերնդի հետաքրքրությունների ուղղվածությունը՝ վստահ եմ, որ նմանատիպ ծրագրերն իրենց հերթին կնպաստեն գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Առավել ևս, որ մենք տարեցտարի ավելացնում ենք մեր դպրոցների ու կրթական մյուս հաստատությունների, նաև գրադարանների համակարգչային հագեցվածությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հետաքրքրական տեղեկատվությամբ և դրա գեղեցիկ մատուցմամբ հարուստ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը կազմվել է՝ օգնելու զբոսաշրջիկներին՝ արդյունավետ և հաճելի անցկացնել իրենց ժամանակը Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում: Մեկօրյա փոքրիկ շրջայցերից մինչև մշակութային տոնակատարություններ և սոցիալական միջոցառումներ ներկայացնող էլեկտրոնային ժամանակակից ուղեցույցն առաջարկում է ծրագրերի բազմազանություն և դրանցից օգտվելու դյուրին ճանապարհներ: Գրավիչ տեսահոլովակները, լուսանկարների և եռաչափ պատկերների հավաքածուները, քաղաքի մասին գրավիչ պատմությունները և ինտերակտիվ քարտեզները լրացնում են գրքի բովանդակությունը: Պատմական, սոցիալական և ժողովրդագրական տեսանկյուններից քաղաքի մասին տեղեկատվությունն այն խորությամբ է ներկայացվում, որ օգտակար կլինի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև Երևանի պատմությամբ և ներկայով հետաքրքրվողներին:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսին ցուցաբերած աջակցության համար, ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանն իր հերթին հույս է հայտնել, որ գիրքը կնպաստի, որպեսզի Երևանը ողջ աշխարհում ճանաչելի լինի նաև որպես զբոսաշրջային քաղաք:
«Հարուստ բովանդակությամբ և տեղեկատվության մատուցման նոր եղանակով ներկայացված «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը լավագույն ուղեկից է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այցելել Երևան և ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկին՝ Երևանին: Գիրքը շուտով հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով»,- նշել է Երվանդ Զորյանը՝ հավելելով, որ Էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակին կլրացնեն նաև արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն տարբերակները, որոնք բոլորն էլ անվճար հասանելի կլինեն համացանցում և iBook գրախանութում:
Շնորհանդեսի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև Երևանի բարեկարգման գործում ունեցած մեծ դերի և արդյունավետ գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՀԲԸՄ Ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար և կարևորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միության նախագահ Պերճ Սեդրակյանին է հանձնել Երևանի զինանշան խորհրդանշական նվերը, նաև համոզմունք հայտնել, որ երկուստեք փոխգործակցությունը կունենա նորանոր հաջող զարգացումներ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն