Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են «Գրիբոյեդով» ակումբի անդամները սկսել բացակայել ակումբի հանդիպումներից

Ապրիլ 01,2015 17:21

«Արդեն մեկ տարի է՝ չեմ մասնակցում ակումբի հանդիպումներին, հետևաբար չեմ մասնակցել նաև այդ հանդիպմանը», – Aravot.am-ի հարցին` մասնակցե՞լ է «Գրիբոյեդով» ակումբում մեկ օր առաջ կազմակերպված ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Օհանի Չուբարյանի հետ հանդիպմանը, այսպես պատասխանեց ակումբի անդամ, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Ara_Tadevosyan

Հետաքրքրվեցինք` ո՞րն է պատճառը, որ չի մասնակցում հանդիպումներին, Արա Թադևոսյանը նշեց. «Այն հյուրերը, որոնք ինձ հետաքրքրում էին, նրանց հետ հանդիպումներին գնում էի: Հետո սկսեցին չհետաքրքրել, ուստի նպատակահարմար չեմ համարում մասնակցել հանդիպումներին»:

Մեր այն հստակեցմանը` իր դիրքորոշումը փոխվե՞լ է ակումբի նկատմամբ, մանավանդ, որ ինքը ակումբի անդամ է, պարոն Թադևոսյանը նշեց. «Դա ինչ-որ ֆորմալ ակումբ չէ, որ ես անդամ լինեմ: Դիրքորոշման փոխվելու հարց էլ չկա, ես արդեն նշեցի, թե ինչու չեմ մասնակցում հանդիպումներին»:

Hmayak_Hovhannisyan_12

 

Նշենք, որ մեզ հետ զրույցում ակումբի անդամներից Հմայակ Հովհաննիսյանը ևս նշեց, որ չի մասնակցել Չուբարյանի հետ հանդիպմանը, սակայն չցանկացավ մանրամասնել պատճառները:

Shushanikl

 

Aravot.am-ը «Գրիբոյեդով» ակումբի կոորդինատոր, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանից հետաքրքրվեց` Ալեքսանդր Չուբարյանի հետ հանդիպմանը բացակաները շա՞տ էին, նա պատասխանեց. «Չորս հոգի. նրանք զբաղված էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված գիտաժողովների հարցերով»:

Մեր հարցին` ակումբի անդամների շարքերը հանդիպումից հանդիպում նոսրանո՞ւմ են, տիկին Արևշատյանը արձագանքեց. «Ընդհակառակը, մեզ անընդհատ զանգում են ակադեմիկոսներ, քաղաքական գործիչներ, որոնք ուղարկում են իրենց ռեզյումեները, ցանկանում մասնակցել մեր հանդիպումներին: Եթե կարծում ենք, որ նրանց մասնակցությունը օգուտ կբերի այդ քննարկումներին, ռուս-հայկական էլիտաների երկխոսությանը, ապա նրանց հրավիրում ենք քննարկումների»:

Շուշանիկ Արևշատյանին խնդրեցինք մանրամասնել` ի՞նչ հարցեր են շոշափվել «Գրիբոյեդով» ակումբում Ալեքսանդր Չուբարյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ քննարկվել են 20-րդ դարի ցեղասպանությունները, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր:

Օրինակ` միայն Թուրքիայի զղջումը բավարա՞ր է, թե՞ հարցը պետք է քննարկել ավելի պրագմատիկ դաշտում. «Հարցադրում եղավ այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցում մեր վարած քաղաքականությունը պրագմատիկ չէ, այլ ավելի բարոյահոգեբանական դաշտում: Սակայն պարոն Չուբարյանն ավելի պրագմատիկ քաղաքականության կողմնակից է, ինչպես արեցին հրեաները»:

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-թուրքական հարաբերություններին: Չուբարյանի կարծիքը միանշանակ է. «Դրանք պետք է լինեն այնպիսին, որ չվնասեն Հայաստանին»:

Հարցին՝ ռուսերեն լեզվի հարց քննարկվե՞լ է, մանավանդ, որ մտահոգություններ են հնչում այն վտանգի մասին, թե ռուսերենը հնարավոր է դառնա ՀՀ երկրորդ ազգային լեզուն, տիկին Արևշատյանը պատասխանեց. «Ընդհակառակը, կարծիքներ են հնչել, թե կեցցե Հայաստանը, որ ունի Ֆրանսիական, Ամերիկյան համալսարաններ, ռուսական, չինական դպրոցներ: Օրինակ` Մոսկվայում այս թվով օտարալեզու համալսարաններ չկան»:

Շուշանիկ Արևշատյանը նաև նշեց, որ պարոն Չուբարյանի ջանքերով ռուսական դասագրքերում որոշ փոփոխություններ են կատարվել. «Նախկինում դրանցում գրված էր, որ Ուրարտուն եղել է ռուսական պետություն: Հիմա պատմության դասագրքերը փոխել են, և մի առանձին բաժին են հատկացրել Ուրարտուին` որպես հայկական պետություն»:

Շուշանիկ Արևշատյանը, խոսելով ակումբի առաջիկա հյուրերի մասին, ասաց. «Ցանկություն են հայտնել, որպես հյուր տեսնել Գենադի Զյուգանովին, Վլադիմիր Ժիրինովսկիին: Հավանաբար Զյուգանովը կհյուրընկալվի մայիսին, Ժիրինովսկին` օգոստոսին, Կիսելյովը նրանց հետ խորհրդակցում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930