Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանի գյուղերի բնակիչներն այսօր բողոքի էին դուրս եկել, քանի որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գինը՝ մեկ լիտրի դիմաց վճարվող 170 դրամի փոխարեն այն իջեցնելով 150-160 դրամ: Բողոքավորներից մեկը Aravot.am-ին պարզաբանեց հետևյալը. «Օրինակ՝ «Մարիաննան» այսօր մեկ լիտր կաթի արժեքը նվազեցրեց 20 դրամով, մյուսները 10 դրամով: Ասեմ, որ այս խոսակցությունները պտտվում էին դեռ մարտի 25-ից, բայց մի տեսակ ռիսկ չէին անում, վախենում էին գյուղացիների ընդվզումից: Բայց այսօր արդեն տեսանք, որ մեզանից գնվող կաթի գինը իջեցրել են, վստահ եմ, մի քանի օր հետո էլի կնվազեցնեն՝ հասցնելով 120-130 դրամ: Ըստ էության, սրանք գնում են վարչապետից ու գյուղնախարարից դաբրո են ստանում ու գալիս են ռիսկով գործի անցնում: Չնայած վարչապետն ու գյուղնախարարը բազմիցս հանձնարարել են, թե կաթի գնին ձեռք չտաք, բայց ո՞վ է բանի տեղ դնողը, օդի մեջ խոսք է, ասում, պրծնում են: Նրանք էլ բնականաբար ո՞ւմից պիտի ազդվեն ու ինչի՞:
Էսօր չուզեցինք ավելի կտրուկ միջոցների դիմել, բայց եթե կառավարության անդամները արագ չվերանայեն մեր խնդիրը, չմիջամտեն, գերշահույթ ստացող ընկերություններին չսանձեն, մենք կփակենք դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը, խոստանում ենք: Վարչապետ, ձեռքերդ ծալած մի նստի, մենք կորցնելու բան էլ չունենք»: Ըստ մեր զրուցակցի, ցավն այն է, որ կաթ մթերողները գյուղացիներից գնելու ժամանակ ապրանքի գինը էժանացնում են, իսկ խանութներին կաթ վաճառելու ժամանակ թանկացնում: «Խանութներում կասկածելի որակի կաթ է, ինչ ասես սրանք անում են անարատ կաթի գլխին, ջրիկացնում են, յուղայնությունն են գցում, որակ չունի, հսկող էլ չկա, ո՞ւմ է պետք, գյուղացիները շատ վրդովված են»: Բողոքավորի ասելով, գյուղերի դռները հերթով փակվում են, մարդ չի մնացել, մնացողը կքված է վարկերի տակ ու հիմա էլ այս պատմությունը: «Մի օր եկեք «Ագբա» բանկի դիմաց, ասեղ գցեք տեղ չկա, մարդիկ ճռռում են վարկերի տակ: Հիմա, երբ պիտի մարդիկ վարկ փակեին, էս օյինն են խաղում գլխներիս:
Ամասիայի ու Աշոցքի գյուղերում դռները հերթով փակվում են, էդ տների դիմաց մոլախոտ է աճել, ոնց որ, հեռու էդ մարդկանցից, գերեզմաններ լինեն…Հիմա էս մի քանի մարդուն, որոնց կարելի է վերջին շունչ անվանել, ինչի՞ են փախցնում երկրից.. Ես մի փոքր հաշվարկ ներկայացնեմ, որպեսզի պատկերացնենք ինչ է կատարվում: Անասունը, որպեսզի իր գոյությունը պաշտպանի, պիտի օրական 8-10 կերամիավորում ուտի, մեկ կերամիավորումը 2 կիլոգրամ խոտ է, այսինքն անասունը 16-20 կիլոգրամ խոտ պիտի ուտի, որ մինիմում կաթը տա: Մեկ կիլոգրամ խոտը 80 դրամ արժի, օրական 1600 դրամի խոտ պիտի ուտի, որ 2 լիտր կաթ տա: Տեսեք ինչքան թանկ է նստում անասունին պահելը: Հիմա ի՞նչն է խնդիրը, էս երկու ամիսն է, որ կարող ես անասունին նորմալ արածացնելու տանել, դրանից հետո ուղղակի հնարավոր չէ: Գիտեք, որ Սովետական միության փլուզումից հետո ո՞ւմ պետքն է հողը պարարտանյութով հարստացնել, նորմալ արոտավայրեր չկան.. Էս պահին պիտի գյուղացին կարողանար իր վարկերը փակել, վերցրել էր անասունին պահելու համար, բայց, ինչպես տեսնում եք գլխին տալիս են գյուղացու: Գյուղացին վերջը դաժանությամբ է ստանում իր արտադրանքը, ամոթ չէ՞: Երկու օր ժամանակ ենք տալիս, թող մտածեն, այլեւս կորցնելու բան չունենք», -հայտարարեց գյուղացին:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պարզաբանեցին. «Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Աշտարակ կաթ»,«Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով: Խնդիրը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ