Մոտ 10 տարի է մեր երկրում իրականացվում է մանկատների բեռնաթափման ծրագիր, որի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք, սակայն, եթե հնարավոր չէ, ապա նրանց խնամքը հանձնել խնամատար ընտանիքին: Ըստ մասնագետների, երեխան պետք է ապրի ընտանիքում, քանի որ լավագույն միջավայրը, որտեղ երեխան կարող է բնականոն զարգանալ, դաստիարակվել ու կայանալ՝ միանշանակ ընտանիքն է եւ որեւէ այլ հաստատություն, անկախ նրանից, թե ինչ պայմաններ է առաջարկում եւ ինչ կարգավիճակով է գործում՝ չի կարող փոխարինել ծնողական խնամքին: Այս համոզմունքով պայմանավորված, մեր երկրում գործող մի շարք փորձագետներ, սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ այսօր «Անի Պլազա» հյուրանոցում քննարկեցին խնամատարության մասին մոդելը` «Խոցելի խմբի երեխաների սոցիալական ներառում. երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության եւ ներառական կրթության ծառայությունների ընդլայնման ծրագրի» շրջանակներում:
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքերով, մեր երկիրը մանկատներ ունենում է այն ժամանակ, երբ հանգամանքների բերումով լինում է զանգվածային որբություն: Ըստ նրա Հայաստանում ավելի շատ սոցիալական որբություն է քան թե ֆիզիկական. «Մեզ մոտ երեխաները մանկատներում են հայտնվում ժամանակին օգնություն չստանալու պատճառով: Քանի դեռ մենք կենսաբանական ընտանիքների հոգսը համարում ենք իրենցը, քանի դեռ սոցիալական աջակցության փաթեթ, համընդհանուր նպաստի համակարգ չունենք երեխաների համար, որը կկանխարգելի սոցիալական որբությունը, երեխաները շարունակելու են հայտնվել մանկատներում»:
Տիկին Անտոնյանի խոսքերով, այսօր այն ինչ արվում է հնարավորության սահմաններում բավարար չէ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նկատեց. «Հասարակական կազմակերպություններն ուզում են, որ լավագույն լուծումները միշտ լինի, բայց երբ դու պետական համակարգում ես, գիտես այն սահմանափակումները, որ դրված է մեզ վրա: Խնամատարությունը լուրջ նախնական ֆինանսական ռեսուրս պահանջող է: Մեր երկրում աղքատությունը 32,5 տոկոս է, բայց երբ որ ընտանիքում կա երեխա, աղքատությունը 40 տոկոս է, բայց երբ կա հաշմանդամ երեխա` 50 տոկոս է: Պետությունը ելնում է իր ռեսուրսներից»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե սոցիալական ոլորտի պատասխանատուները պնդում են, թե բյուջեի միջոցները սուղ են, եւ միանգամից հնարավոր չէ մանկատները բեռնաթափել, մինչդեռ փորձագետները վստահեցնում են, որ մանկատներին ուղղվող գումարները մի բան էլ կարելի է խնայել, եթե ներդնենք խնամատար ընտանիքի մոդելը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Աննա Հարությունյանն ասաց. «Այսօր մեր պետության մեջ եւ որեւէ տեղ, որեւէ խոցելի ընտանիք ինքնուրույն չի կարող դուրս գալ դժվարին իրավիճակից, նրան մասնագիտական աջակցություն է պետք, ուստի մենք փորձելու ենք այս վերակազմակերպման գործընթացը տանել այն ուղղությամբ, որ խոցելի ընտանիքները, ում երեխաները այժմ հաստատություններում են, կարողանան գալ այնպիսի մի կայուն իրավիճակի, որպեսզի կարողանան իրենց երեխաներին տանը պահել: Անընդհատ խոսում ենք, որ գումարներ չկա, ես պետք է չհամաձայնեմ եւ պետք է ասեմ, որ բավականին թանկ արժե ինստիտուցիոնալ խնամքը: Այսօր պետական բյուջեից միայն սոցիալական ոլորտի հատկացումների խնամքի համար տարեկան տրամադրվում է 3 միլիարդ դրամ` ընդամենը 1400 երեխայի խնամք ապահովելու համար, այդ գումարի 75 տոկոսը վարչական ծախսերի վրա է գնում: Այդ գումարի ընդամենը 19-20 տոկոսն է, որ ծախսվում է երեխայի սննդի եւ հագուստի վրա, այսինքն` այն պատկերացումը, որ երեխային տարանք հաստատություն նա լավ կսնվի, լավ կհագնվի, այդքան էլ այդպես չէ, եթե մենք համեմատենք ծախսերի այն մասնաբաժնի հետ, որը գնում է վարչական մասին»:
Աննա Հարությունյանի ներկայացմամբ, Գորիսի եւ Սիսիանի համար նախնական հաշվարկներ են կատարել եւ պարզել, որ երկու դպրոցի բյուջեն վերակազմակերպելով, միանգամայն հնարավոր է ստեղծել մի քանի տեսակի ծառայություններ. «Եթե այսօր 120 երեխա է օգտվում այդ ծառայությունից, ապա մոտ 500 եւ ավելի երեխաներ տարբեր ծառայություներից նույն գումարով կարող են օգտվել: Այսինքն` նույնն է սոցապ համակարգում: Դրան գումարած մենք ունենք մեծ հոսքեր սփյուռքի տարբեր դոնորներից, որը ցավոք սրտի որեւէ տեղ չի երեւում, կա նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությունը, որը պատրաստ է ծածկել տրանսֆորմացիոն ծախսերը, այսինքն` լրացուցիչ բեռ պետության վրա գոնե անցումային փուլում չի կուտակվի, այնպես որ միայն կամքի հարցն է, եւ փառք Աստծո, որ նախարարի եւ վարչապետի մակարդակով այդ կամքը դրսեւորվում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ