Մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Խորեն Աբրահամյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նրա հարազատներն ու ընկերները, թատերական գործիչներ, ուսանողներ, դպրոցականներ, Աբրահամյանի արվեստի սիրահարներ: Պանթեոն է այցելել և Երևանի քաղաքապետի անունից դերասանի շիրիմին ծաղկեպսակ դրել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Ամեն տարի ապրիլի 1-ին վարպետի շիրիմին այցի են գալիս նաև Գայի անվան թիվ 129 դպրոցի աշակերտները, ուր, ի դեպ, տասնհինգ տարի առաջ այս օրերին իր հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով հյուրընկալվել էր Խորեն Աբրահամյանը: Դպրոցականները ներկայացրել են կինոյի և թատրոնի մեծ վարպետի կյանքի առավել ուշագրավ դրվագներ, նրա խոսքերն ու պատգամները:
Վարպետի մասին իրենց հուշերն են պատմել թատերարվեստի գործիչները, ովքեր ժամանակին ճանաչել և շփվել են նրա հետ:
«Այն ամենի համար, ինչ մի ամբողջ սերունդ ստացել է նրա բեմական կերպարներից ու առերես շփումից, պետք է ամենքս շնորհակալ լինենք: Խորեն Աբրահամյանը հայ թատրոնի, միաժամանակ միջազգային մասշտաբի թատերարվեստի գործիչ էր ու բացարձակ արժեք»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն