Զատիկի տոներից առաջ հավկիթի շուկայում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հայտնաբերել է աղտոտված ու չմակնշված ձվեր: Aravot.am-ի հետ զրույցում հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նաեւ կասկած հայտնեց, որ շուկայում հայտնվել են ամիսներ առաջ պահեստավորված ձվեր:
Պիպոյանի ներկայացմամբ` ամեն տարի, հատկապես տոներից առաջ, երբ ձվի պահանջարկը մեծանում է, ընկերությունները մեծ քանակությամբ ձու են ներկրում, քանի որ Հայաստանն այս շուկայում ինքնաբավ չէ:
«Այս տարի ձու չի ներկրվել, բայց շուկայում դեֆիցիտ չկա, դեռ մի բան էլ շատ-շատ են հավկիթները: Սա նշանակում է, որ դեկտեմբեր-հունվարին պահեստավորված ձվերն են հանում շուկա: Մինչդեռ սննդի անվտանգության պետական ծառայությունը պետք է շուկան ուսումնասիրի, որպեսզի պարզի, թե այդ ձվերը երբ են արտադրվել: Ընդ որում, դրսում շատ ենք հանդիպում առանց մակնշման եւ աղտոտված ձվերի, եւ մեր տեղեկություններով` նույն ընկերությունը, որը խանութներ մակնշված ձվեր է առաքում, չմակնշվածն ու աղտոտվածն էլ իրացնում է բացօթյա շուկայում: Սննդի անվտանգության ծառայությունն այս ամենը եթե հիմա չստուգի, եթե այս սեզոնին ուսումնասիրություն չանի, բա էլ ե՞րբ անի, անի այն ժամանակ, որպեսզի խնդիր չհայտնաբերի՞»:
Հավկիթի պահպանման ժամկետը` համապատասխան պայմաններում, սահմանված է 90 օր, ուստի անգամ եթե պահեստավորված հավկիթներն են վաճառվում, թվում է թե վտանգ չկա: Բայց, ինչպես վստահեցրեց Պիպոյանը, 90 օրյա ժամկետ ունեցող ձվերը նախատեսված են միայն արտադրական նպատակներով, իսկ ուտելու համար նախատեսված ձվերի պահպանման ժամկետը 25 օր է:
Կարդացեք նաև
Պարոն Պիպոյանի փոխանցմամբ` աղտոտված, կասկածելի ու չմակնշված ձվերը վաճառվում են շուկայականից էժան` 45-50 դրամով, այն դեպքում, երբ նույն մեծության եւ քաշի ձվերի արժեքը շուկայում 65-70 դրամ է:
Հին ձվեր գնելուց խուսափելու համար սպառողների իրավունքների պաշտպանը խորհուրդ է տալիս նախ ուշադրություն դարձնել մակնշմանը, եթե այն բացակայում է, լավ կլինի հրաժարվել գնելուց: Ապա կարեւոր է, որ հավկիթը լինի սպիտակ, եթե այն դեղնավուն է, թեթեւ կապտավուն, ուրեմն հին է. խոսքը սպիտակ ձվերի մասին է, կան նաեւ շագանակագույն ձվեր, որոնք եթե սպիտակությամբ չեք կարող հասկանալ թարմ է, թե` ոչ, ապա այս եւ սպիտակ ձվերի դեպքում էլ, ուշադրություն դարձրեք, որ այն հարթ լինի, թափ տալուց որեւէ ձայն չլսվի, այսինքն ներսում` պնդություն նկատվի, ձուն կոտրելուց հետո այն չպիտի լպրծուն ու ջրիկ լինի:
«Զատիկին ընդառաջ կանաչեղենը շատ քիչ է թանկացել»,-ասաց Պիպոյանը, նշելով, որ այն կարող է թանկանալ Զատիկի տոնից 1-2 օր առաջ: Իսկ ձկան շուկայում, ինչպես նկատեց Պիպոյանը, գները կարգավորված են, թանկացում չկա, սակայն փողոցում հանդիպող ձկան բացօթյա վաճառքն անհանգստացնող է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ