Այսօր Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Եվրոպայից քաղաքական ապաստան է խնդրել 5000-ից ավելի ՀՀ քաղաքացի, իսկ Ադրբեջանից՝ մոտ 2000, սա ինչո՞վ եք բացատրում, այդքան մարդ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների՞ է արժանանում: Նա պատասխանեց. «Չէ, բոլորովին դրանով չեմ բացատրում: Դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ մեր շատ համաքաղաքացիներ ուղղակի եվրոպական տարբեր երկրներում կեցության կարգավիճակ ստանալու այդ ձեւն են ընտրում ընդհանուր»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանից այդքան չեն դիմում, երբ ավելի քիչ ժողովրդավար ու փակ երկիր է համարվում՝ նա պատասխանեց. «Ադրբեջանի մասին չեմ կարող ոչինչ ասել»:
Վաչե Տերտերյանը վստահեցրեց՝ հայերը խաբում են Եվրոպային, այդքան հետապնդումների չեն արժանանում. «Այսինքն, դուք չգիտե՞ք, որ դա այդպես է, ի՞նչ հետապնդումների մասին է խոսքը: Այդ հետապնդում ասողների մի ստվար հատվածն էլ, որ դիմում է Եվրոպայի երկրներին, դիմում է ոչ թե քաղաքական հետապնդման, այլ այլ կարգի հետապնդումների համար էլ»: Խոսքը, մասնավորապես սեռական փոքրամասնությունների մասին է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանը, որին հանրահավաքի ժամանակ դանակահարեցին, կարո՞ղ է դիմել Եվրոպային՝ քաղաքական ապաստանի համար՝ Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ քաղաքական ապաստանի համար դիմի: Դրա համար իրավապահ մարմիններ կան, համապատասխան պատիժ կստանան: Հիմա ես էլ որ դուրս գամ, կարող է վրաերթի ենթարկվեմ, գնամ դիմեմ եվրոպական մարմինների՞ն»:
Կարդացեք նաև
Վաչե Տերտերյանն ասաց, որ ՌԴ-ում վարչական իրավախախտումների հոդվածով պատիժ չկրելու եւ հետ Հայաստան չվերադարձվելու համար իրենց դիմել է 6000-ից ավելի քաղաքացի. «Ստացել ենք շուրջ 3000 դիմումի պատասխան ՌԴ-ից, որից 850-ը՝ դրական: Վերջին 1.5 ամսվա ընթացքում դրական որոշումների թիվն ավելի մեծ է, քան նախորդ ամիսներին է եղել: Դրական արձագանքների քանակն էականորեն ավելացել է, բայց խնդիրը մնում է: Եթե կա վարչական իրավախախտում, ՌԴ օրենքներն են եւ այդ օրենքներին մենք պիտի հարմարվենք»:
Հարցին՝ Նարիշկինի հետ քննարկվե՞լ են միգրացիայի հետ կապված հարցերը՝ Վաչե Տերտերյանը նախընտրեց չպատասխանել՝ ասելով, որ մանրամասներին տեղյակ չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ