Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Սակայն Էդմոն Մարուքյանը ցանկացել է մեկ տարով հետաձգել քննարկումը:
Կառավարությունը նոր նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարել: Կառավարությունը պարտավորվել է փախստականների մասին օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին եւ այս փոփոխություններն ուղղված էին դրան:
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:
«Փախստականների եւ ապաստանի մասին» գործող օրենքով սահմանված է, որ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնը հատուկ հաստատություն է, որտեղ լիազոր մարմինը տեղավորում է ապաստան հայցողներին մինչեւ նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը: Հիմա կառավարությունն առաջարկում է միայն շարադրել, որ միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին տրվում է ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանելու լիազորություն: Իսկ այդ կանոններն առնչվելու են կացարանի բնակիչների համակեցության հարցերին, մասնավորապես նրանց հատկացված, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տարածքների ու գույքի խնամքով օգտագործմանը՝ խոհանոցներ, սանհանգույցներ եւ այլն, կարգավորում է, որ կենտրոնի տարածքում անդորր լինի, մուտքի եւ ելքի ժամկետները պահպանվեն եւ այլն: Բայց այդ կանոնները որեւէ կերպ չեն անդրադառնալու ապաստան հայցողների հիմնարար իրավունքների եւ ազատությունների սահմանափակմանը՝ ազատ տեղաշարժվելու իրավունք, մտքի, խղճի, կրոնի ազատությանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը կառավարության նախագծին տվեց դրական եզրակացություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ