Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը, որի երեխան քաղաքի մանկապարտեզներից մեկն է հաճախում, հայտնեց, որ իր տղայի հետ մանկապարտեզ հաճախող երեխաների մեծ մասը ցանկանում է, որ ծնողները, որպես նվեր, իրեն ինքնաձիգ կամ ատրճանակ նվիրեն: Դա պայմանավորված չէ այն բանով, որ Նոյեմբերյանը Ադրբեջանին սահմանակից է, շատ նոյեմբերյանցիներ են ծառայում ազգային բանակում: Փոքրիկներն ամեն երեկո իրենց ծնողների հետ հայկական հեռուստատեսային սերիալներ են նայում,ուր հաճախ են մարդ առեւանգում, զինված «ռազբորկաներ» անում:
2010թ. Նոյեմբերյան քաղաքի մերձակա Ջուջեւան գյուղից 9-ամյա մի տղա ծեծել, արյունլվա էր համագյուղացի անտառապահի շանը, այնուհետեւ զանգահարել նրա տուն, փոխված ձայնով պահանջել, որ անտառապահը 1 միլիոն դրամ դնի իր նշած վայրում, այլապես նրան իր շան օրը կգցի: Հետո ոստիկանությունում տղան հայտնել էր, որ գործել է հեռուստասերիալի «հերոսի» նման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ