«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո պաշտոնազրկված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկուն խրախուսելը նոր պաշտոնով բացատրում է Ռուսաստանի ամբիցիաներով:
«Ռուսաստանը իր բանակի բոլոր անօրեն գործողությունները խրախուսում է բոլոր երկրներում, որ ստեղծի նվաճողների բանակ ու իր զինվորների ու սպաների մոտ ամրագրի հավերժության անպատժելիության զգացումը: Բանակը Ռուսաստանի միակ հաղթաթուղթն է, որովհետեւ արդեն տապալում է ֆինանսական, մշակութային, սոցիալական, ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում ու միայն ռազմական մակարդակում է զգում իրեն վստահ ու ուժեղ: Եվ իրեն հզոր ու ադեկվատ զգալու համար ամեն ձեւով խրախուսում է իր զինվորական ծառայողների ամենաթողությունը»,- Aravot.am-ին ասաց Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ Անդրեյ Ռուզինսկին պաշտոնաթողությունից հետո նոր պաշտոն է ստացել Ռոստովում:
Անուշ Սեդրակյանի խոսքով, ռուսները գիտեն՝ ինչ էլ անեն նվաճված ժողովրդի հանդեպ, չեն պատժվելու, այլ խրախուսվելու են. «Ռուսաստանը մտադրված ավելի բարձր պաշտոնների կտեղափոխի այն մարդկանց, որոնք որեւէ տիպի ոճրագործություն են կատարել այլոց նկատմամբ: Շարժվում են՝ «չպատժել յուրայինին» սկզբունքով»:
Կարդացեք նաև
Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Գյումրիում դատելու ռուսական կողմի որոշումը Անուշ Սեդրակյանը կապում է Հայաստանի-Ռուսաստանի միջեւ ոչ գործընկերային հարաբերություններով. «Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները խիստ հեռու են գործընկերային լինելուց, դա ավելի շատ վասալ- սյուվերեն հարաբերություններ են, երբ մենք պարտավոր ենք տանել Ռուսաստանի բոլոր անօրեն գործողությունները: Զարմանալի չէ, եթե մենք զենքի վաճառքը հանդուրժել ենք, այդպիսի հատուկ դեպքերը, բնականաբար, պետք է ծածկադմբոց անենք ու լռենք: Հայաստանը մեխանիզմներ էլ չունի այդ տիպի երեւույթների դեմ պայքարելու, որովհետեւ մեխանիզմ ունենում են միայն ինքնիշխան պետությունները»:
Եվ Գյումրիում Պերմյակովին դատելը ոչ թե հայ ժողովրդի կամքին ընդառաջել էր, ինչպես հայտարարեց ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, այլ ենթարկվել էր ինքնիշխան պետության օրինական պահանջին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` PHOTOLUR-ի