Տաքսիների նոր լիցենզավորման կարգի դեմ բողոքող տաքսու վարորդները մարտի 15-ին անցկացրած ավտոերթից անմիջապես հետո սկսել են ստանալ տուգանքների մասին ծանուցագրեր: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասուլիսին հայտնեց, որ տաքսու վարորդները լիցենզավորում չունենալու պատճառով պետք է 50 հազար դրամի տուգանք վճարեն:
Արդեն ստացվել են 50-ից ավելի ծանուցագրեր, որոնց մի մասը, քաղաքացիների դիմումների համաձայն, բողոքարկվելու են:
Չնայած այս հանգամանքին, տաքսու վարորդները որոշել են մինչեւ մայիսի մեկը դադարեցնել իրենց բողոքի ակցիաները՝ կապված Ցեղասպանության 100 ամյակի հետ:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց այս որոշմանը նպաստել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը. «Նա ինձ հրավիրեց եւ ասաց, որ կոչով դիմեմ մեր վարորդներին, որպեսզի չխայտառակվենք տաքսիների վարորդների պահվածքով, սպասարկման որակով եւ առանց բողոքի ակցիաների անցկացնենք ապրիլի 24-ը»: Տիգրան Հովհաննիսյանն էլ իր հերթին խնդրել է կասեցնել 50 հազար դրամի տուգանքները:
Կարդացեք նաև
Տիգրան Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ տաքսիստները 15 կետից բաղկացած պահանջներ էին ուղղել նախագահին, սակայն լուծում ստանալու փոխարեն, դրանց են ավելացել եւս մի քանի բողոքներ. «Վերջերս ՃՈ կողմից 30 հազար դրամով տուգանվել են տաքսու վարորդներ, որոնք իրենց մեքենաների վրա առջեւից եւ հետեւից գովազդ ունեն փակցրած: Հիմա փոխանակ այդ 15 կետերից գոնե մեկը բավարարեն, դրան ավելացնում են մեկը, որի տուգանքը 30 հազար դրամ է: Տաքսու վարորդները սովորաբար ունեն այդ գովազդը, որպեսզի ուղեւորը հասկանա, որ դա տաքսի է: Իսկ հիմա մեզ դրա համար էլ են տուգանում: Դա ծիծաղելի է»:
Տաքսիստները բողոքի երթի դուրս կգան մայիսի մեկից, սակայն այս անգամ կունենան ոչ թե 15 կետից բաղկացած պահանջների ցուցակ, այլ 19 կետից:
«Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանություն» հ/կ փոխնախագահ Արսեն Պետրոսյանն էլ դիմեց Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որպեսզի այս մեկ ամսվա ընթացքում աշխատեն օրենքի անկատարության վրա եւ հաշվի առնեն տաքսու վարորդների պահանջները, այլապես կանգնելու են կոտրած տաշտակի առջեւ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ