Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են շուրջօրյա հսկողություն սահմանել մեր հուշակոթողների մոտ, որ չպղծեն

Ապրիլ 01,2015 14:07

Այսօր «Հայելի» ակումբում հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը Լիոնում Հայոց ցեղասպանության հուշակոթողի պղծման հետ կապված՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը պատասխանեց. «Մենք հիմա արծարծում ենք շատ կարեւոր հարց, պատերազմական վիճակի մեջ է գտնվում մեր երկիրը, կրակոցներ են: Մենք անընդհատական պատերազմի մեջ ենք, մեր երիտասարդ զինվորը Հունգարիայում կացնահարվեց, Նահատակաց եկեղեցին ավիրվեց: Հիմա էլ այս պատկերն է: Լիոնում պղծվել է սուրբ նահատակների հիշատակը: Նախ պետք է ամեն ինչ անեն՝ գտնելու հանցագործին եւ պատժեն: Պիտի կարողանան նաեւ մեր սրբությունները, որտեղ ունենք, հերթապահություն լինի, հսկողություն, որ պահպանենք, քանի որ ապրիլի 24-ը մոտենում է եւ հայերի նկատմամբ սրացում կա: Թուրքական ճնշումը շատ ուժեղ է»:

Ըստ Դավիթ Գասպարյանի, մեծ տերությունները երկակի խաղեր են խաղում. «Հայտարարում են, որ ցեղասպանությունը պիտի ընդունել: Մենք մեր հարյուրամյա ցավով, վշտով բախում ենք մեծ աշխարհի դռները: Մենք ի՞նչ պետք է անենք: Պետք է դրսում ունենանք հայապահպան զինված ուժեր: Ոչ թե ահաբեկչական, այլ՝ հայապահպան, որոնք հերթապահեն մեր սրբությունների մոտ հատկապես այս օրերին: Փարիզում Կոմիտասի արձանն է, ի՞նչ գիտեք, որ վաղն էլ մի պիղծ բան այնտեղ չեն անի: Մենք միայնակ, բարեկամ չունեցող ժողովուրդ ենք, ինքներս մեզ պետք է պաշտպանենք: Շատ ենք խաբվել, գոնե այս օրերին չխաբվենք: Ցինիզմ ու լկտիություն է Թուրքիայի կողմից, թե մենք այդ օրը նշում ենք Գալիպոլիի ճակատամարտը, աչքներից առաջ աշխարհը գնում է դեպի բեւեռացում»:

Մեր հարցին՝ ֆինանսական խնդիրներ չի՞ առաջացնի ամբողջ աշխարհում հայկական հուշակոթողների մոտ հսկողություն սահմանելը, եւ Երեւանում, ՀՀ տարածքում էլ են պղծում՝ Դավիթ Գասպարյանը պատասխանեց. «Դվին հյուրանոցի մոտի քանդակը տակից կտրել տարել են, նույնն էլ Սեւանի ճանապարհին՝ Չարենցավանի հուշարձանները: Մենք անփույթ ենք մեր ստեղծածի հանդեպ եւ այս անփութությանը պիտի վերջ տանք: Էս ի՞նչ բան է, աջուձախ վարկաբեկիչ հարձակումներ: Այո՛ ներսում եթե ամուր լինենք, դրսում կկարողանանք: Ես չեմ կարծում, որ դա ծախսերի հետ կապված է: Սփյուռքում իրենց ցավին, իրենց պատմությանը նվիրված հայեր կան: Եթե գաղափարը լինի, գաղափարի հետեւից գնացող կլինի: Դիմացինը երբ տեսնում է անպաշտպան ես, գրոհում է, երբ պաշտպանվում ես՝ նահանջում է: Մենք մեզ պիտի կարողանանք պաշտպանել եւ չվախենալ»:

Հարցին՝ Էրդողանը նման ցինիկ հայտարարություններ անելով՝ ի՞նչ է ակնկալում՝ Դավիթ Գասպարյանն ասաց, որ նա իր երկրի շահերն է պաշտպանում. «Երբ նրանք ուրանում են իրենց պատմությունը, նրանց աչքերը պիտի բացել պարզապես: Իսկ բացում են քաղաքակիրթ աշխարհի ապտակներով, ոչ թե վախեցած դիվանագիտական քայլերով: Էրդողանն իր երկրի անունից է խոսում: Մեր առջեւ 70 մլն-անոց, տնտեսական մեծ առաջընթաց ունեցող Թուրքիան է, պետք է մենք կարողանանք դիմակայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930