1 ապրիլի, 2015 – Այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանում մեկնարկեց «Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում. միջազգային փորձ» վերապատրաստման ծրագիրը՝ կազմակերպված Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի եւ «Ալֆափլաս քոնսալթինգ» ընկերության համատեղ ջանքերով, որին մասնակցում էին ոլորտում գործող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շուրջ 80 քաղծառայող:
Հայաստանում օրենսդրական կարգավորման օրակարգը ներկայացրեց ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը՝ կարեւորելով Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությունը եւ արդեն գրանցած արդյունքները: «Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ծրագրի առաջին փուլը տնտեսապես արդյունավետ է եղել: Ավելին, երկրորդ փուլի շարունակությունը կհանգեցնի առավել շոշափելի տնտեսական արդյունքների, որը կապահովի գործարար միջավայրի եւ քաղաքացիների համար օրենսդրական կարգավորումների ծախսերի ցածր մակարդակը՝ նաեւ այդ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատման մեխանիզմների կիրառման միջոցով», ասաց նա:
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն այս տարվա հուլիսին կավարտի երկրում գործող իրավական ակտերի վերանայումը, ինչից հետո կսկսվի մի նոր փուլ՝ գնահատելու օրենսդրական կարգավորման ազդեցությունը մինչ օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալը, որպեսզի կարճ ժամանակ անց օրենսդրական դաշտը կրկին չծանրաբեռնվի բարդ իրավական ակտերով եւ բյուրոկրատական խոչընդոտներով, ինչպես տեղի է ունեցել մի քանի երկրներում: Այս անցումային փուլի համար նման խորհրդակցությունը չափազանց կարեւոր է: Այն հնարավորության կտա ծանոթանալ կարգավորիչ ազդեցության գնահատման միջազգային լավագույն փորձին եւ ուրվագծել մեր հետագա աշխատանքները», ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
«Ալֆափլաս քոնսալթինգ»-ի տնօրեն Ալեքսանդր Պողոսյանը՝ կարեւորելով օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատումը, նշեց միջոցառմանը ներկա քաղծառայողների ընդգրկվածության կարեւորությունն այս գործընթացում: «Միջազգային փորձառու խորհրդատուների ներգրավումը, միջազգային փորձի կիրառումը, ազգային կենտրոնի աշխատակիցների հմտությունների ամրապնդումն իհարկե խիստ կարեւոր են, սակայն պակաս կարեւոր չէ այդ գիտելիքներն ու հմտությունները արդյունավետորեն փոխանցելը նախարարությունների, գերատեսչությունների համապատասխան անձնակազմին: Չէ՞ որ իրենք են այդ բարեփոխումների բուն կիրարկման պատասխանատու մարմինները», ասաց նա:
Կարդացեք նաև
Հիմնական բանախոսը՝ իռլանդացի փորձագետ Էդուարդ Դոնելանը ներկայացրեց կարգավորման կառավարման միջազգային ուսումնասիրությունը՝ անդրադառնալով քաղաքականության մշակմանը, օրենքների նախագծմանն ու օրենսդրական նախագծերի բարելավմանը, ինչպես նաեւ պետական կառավարմանն ու դրա բարեփոխումներին: «Ես ուսումնասիրել եմ այս բնագավառի բազմաթիվ երկրների փորձը, այդ թվում` Հայաստանինը, և պետք է ասեմ, որ Հայաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղ կարգավորիչ գիլյոտին է իրականացվել: Այս կարգի բարեփոխումները սովորաբար հեշտ չեն ընթանում եւ բախվում են իներցիայի, նույնիսկ բացահայտ դիմադրության: Այսինքն, ճիշտ մեթոդաբանության ընտրությունից եւ լիազորված մարմնի ստեղծումից բացի, անհրաժեշտ է հետեւողականություն` նախաձեռնվող բարեփոխումների փաթեթները կյանքի կոչելու համար: Պակաս կարևոր չէ նաեւ բարեփոխումների հիմնական թիրախի՝ բնակչության եւ բիզնեսների իրազեկումը` հասկանալով, որ բարեփոխումներն ինքնանպատակ չեն», ասաց Է. Դոնելանը:
Քաղծառայողների համար կազմակերպված ծրագրից հետո վերապատրաստումները եւս երկու օր կշարունակվեն Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում՝ կենտրոնի փորձագետների համար: Այս օրերին Է. Դոնելանը մասնակիցներին կծանոթացնի գոյություն ունեցող օրենսդրությունը բարելավելու եւ իրավական նոր ակտեր ստեղծելու միջազգային լավագույն փորձին, կարգավորիչ ազդեցության գնահատմանը, վարչարարության նվազեցման օրինակներին, ինչպես նաեւ ծախսերի կրճատման եւ դրանք չափելու մոդելներին: Եռօրյա խորհրդակցությանը կհետեւի քաղծառայողների համար պատրաստված մեկ այլ դասընթաց՝ ապրիլի 16-23-ը, որը կվարեն Կարգավորիչ գիլյոտինի վերապատրաստված փորձագետները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մասին
ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը, որի հիմնական նպատակն է էականորեն կրճատել եւ պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Համաշխարհային բանկը: Կենտրոնի հետ համագործակցում են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մամուլի հաղորդագրություն