«Տարածաշրջանում բավականին հետաքրքիր բաներ են տեղի ունենում»,- ապրիլի 1-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա չափազանց կարեւոր է համարում այն հանգամանքը, որ երեկ՝ մարտի 31-ին ավարտվել են Իրանի միջուկային ծրագրի հարցով տեղի ունեցող բանակցությունները. «Իրանում այս բանակցությունների հետ չափազանց մեծ հույսեր են կապում: Թե ինչ վիճակում են գտնվում բանակցությունները, դժվարանում եմ ասել, որովհետեւ կարդացել եմ Լավրովի հայտարարությունը, որտեղ նա իր դրական մոտեցումներն է արտահայտել եւ ասել է՝ հիմնական հարցերը մեծ մասամբ լուծված են, բայց կարծիք կա, որ դա այդպես չէ: Մինչեւ դա Լավրովը հայտարարել էր, որ այնտեղ կգնա այն դեպքում, երբ առաջընթաց գրանցվի, եւ գնացել էր բառացիորեն 2 օր առաջ, ակնհայտ է, որ տեղաշարժ կա»:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ հայտարարված է, որ բանակցությունները կշարունակվեն մինչեւ հունիս: Ըստ նրա՝ գործընթացում տեխնիկական հարցերը քիչ չեն, որովհետեւ քաղաքական խնդիրները իրար են խառնվել. «Ինչո՞ւ է դա մեզ համար կարեւոր: Ես սկեպտիկորեն եմ վերաբերվում մոտակա ամիսներին Թուրքիայի հետ սահմանը բացելու հանգամանքին: Իրանի պատժամիջոցների թուլացումը կամ ընդհանրապես նրանց հանումը կարող է բերել նրան, որ Իրանի ներքին շուկան դառնա ավելի քիչ պաշտպանված»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ