Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը դատարանում հեռախոսով խաղ է խաղացել

Ապրիլ 01,2015 13:35

«ՀՀ-ում դատական գործերի քննության նիստերի գրեթե իննսուն տոկոսը սկսում են ուշացումով, հնարավոր է նույնիսկ դատական գործի կողմերը չզգուշացվեն դրա մասին դատական նիստերի դահլիճում նստած»,-այսօր «ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության գործունեության ոլորտում առկա իրավական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագրի իրավաբան Անահիտ Չիլինգարյանը:

Նա ներկայացրեց նաև այլ մանրամասներ իրենց՝ դատական նիստի ընթացքում դատախազի վարքագծի մշտադիտարկումից: Օրինակ` շատ են եղել դեպքեր, երբ դատախազը դատարանին ներկայացրել է ռուսերեն լեզվով փաստաթուղթ ու դեռ մի բան էլ դատարանին է հորդորել այն թարգմանել: Հաճախ են դեպքեր լինում, երբ դատախազները ուշացումով են ներկայանում նիստին, կամ դատախազը դատավորի աշխատասենյակ է մուտք գործում աշխատանքային ժամերին, նույնիսկ նիստի ավարտից հետո: Կամ դատախազը փաստաբանի, մեղադրյալի վրա ձայն է բարձրացնում, կամ նախադեպ է եղել, երբ դատախազը հեռախոսով խաղ է խաղացել դատական նիստի դահլիճում, կամ դատախազները ծանոթ չեն եղել գործի նյութերին:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրություն է կատարել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության համակարգում՝ պարզելու դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրության համապատասխանությունը ԵԽ չափորոշիչներին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ պատկերը մտահոգիչ է: Aravot.am-ի հարցին` ամենախնդրահարույցը ո՞ր ոլորտն է, Արթուր Սաքունցը պատասխանեց. «ԱԱԾ-ն ամենափակ մարմինն է, դրա գործունեության կարգավորող օրենսդրությունը ամբողջությամբ չի համապատասխանում ԵԽ չափորոշիչներին: Հանձնարարականի համաձայն` պետք է ներքին անվտանգության ծառայության այս մարմինը լինի քաղաքացիական, մինչդեռ այն դեռ ռազմական կառույց է մեզանում: ՀՔԾ-ն անկախ մարմին է և զբաղվում է պաշտոնատար անձանց կողմից հանցագործություններով և այն պիտի հաշվետու լինի ԱԺ-ին: Մինչդեռ այն հաշվետու է ՀՀ նախագահին և վարչապետին: ՀՀ նախագահն է նշանակում ՀՔԾ պետին: Միայն գլխավոր դատախազությունն է հաշվետվություն ներկայացնում ԱԺ-ին: Կամ ԱԱԾ-ն կառավարության անդամ չէ, մինչդեռ պիտի հանդիսանար:  ԱԱԾ պետը, տեղակալները նշանակվում են ՀՀ նախագահի կողմից, նաև հաշվետու են նրան: Եթե պաշտոնական անձանց հանցագործություններով զբաղվող մարմինը հաշվետու չէ ներկայացուցչական մարմնին, ապա սա արդեն քաղաքական խնդիր է»:

Արթուր Սաքունցը նշեց, որ ամբողջական փաստաթուղթը քննարկելու են ԱԺ համապատասխան հանձնաժողովներում և փորձելու են հանդիպել ԱԱԾ, ՀՔԾ և դատախազության ներկայացուցիչներին: Նա շեշտեց. «Պետք է հաղթահարվի այս մարմինների անձեռնմխելիությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930