Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսանելի ապագայում Հայաստանը ԵԱՏՄ-ից դրական ակնկալիքներ ունենալ չի՞ կարող

Ապրիլ 01,2015 12:44

«Խնդիրները, որոնք դուք հնչեցնում եք` տեխնիկական են, օրենսդրական համապատասխանեցման: Սկզբնական շրջանում դրանք եղել են եւ ՌԴ-ի, եւ Բելառուսի եւ Ղազախստանի համար: Մոտ վեց ամիսների ընթացքում ազգային օրենսդրությունը միութենականին ադապտացնելու մեխանիզմներ են մշակվում: Ընդամենը երեք ամիս է անցել եւ ես կարծում եմ, որ դա ժամկետ չի, որպեսզի ասենք, թե խնդիրները չեն լուծվում»,- Aravot.am-ի հարցերին այսօր այսպես արձագանքեց ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը`«Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:

Տնտեսագետից հետաքրքրվել էինք`ի՞նչ լուծումներ է տեսնում եւ առաջարկում, քանի որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք ամիսների ընթացքում հայկական արտադրողներն արդեն իսկ լուրջ խնդիրների առջեւ են կանգնել`կապված եւ իրենց ապրանքատեսակների սպառման ծավալների, եւ ռուսական ռուբլու արժեզրկման եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության նվազման հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը, երեկ, Ազա Միհրանյանի հետ զրույցում ասել է, որ հայաստանցի գործարարների բոլոր առաջարկները եւ դժգոհությունները ի մի են բերվել: Դրանք ներկայացվելու են Եվրասիական կոմիտեին: Նաեւ առաջիկայում տեղի են ունենալու եվրասիական միության անդամ գործարարների եւ Եվրասիական կոմիտեի համատեղ քննարկումներ, որոնց ժամանակ այդ հարցերին լուծումներ կտրվեն:

Ասուլիսի մյուս բանախոսը`ՌԴ գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սվետլանա Գլինկան էլ նկատեց, որ կան խնդիրներ, որոնք չեն առաջացել ԵԱՏՄ-ին անդամակցության հետեւանքով: Հիմա, ըստ նրա, ամենակարեւորն այն է, թե ի՞նչ ուշադրություն է դարձվելու դրանց լուծմանը`ԵԱՏՄ-ում: Խոսքը, մասնավորաբար, Աբխազական ավտոմայրուղու կառուցմանն է վերաբերվում, Իրանի մասնակցությամբ եւ այլն:

Դիտարկմանը, որ Հայաստանը բավական մեծ կախվածություն ունի ռուսական ռուբլու արժեզրկումից եւ այդ փաստը մեր արտահանողների համար լուրջ խնդիր է ու հարցին կա՞ն սրա լուծման տարբերակները կամ ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել այն առումով, թե տեսանելի ապագայում ի՞նչ դրական միտումներ կլինեն մեր երկրի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունից, Սվետլանա Գլինկան հակադարձեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցեր, թե`ոչ, ցավոք, ռուսական ռուբլու տատանումները բացասական էին անդրադառնալու մեր երկրների համագործակցության վրա: «Դա ընդհանուր խնդիր է: ՌԴ-ի վրա էլ ռուբլու արժեզրկումը ամենաբացասական ազդեցություններն ունեցավ: Այնպես, որ միջազգային շուկայում նավթի եւ գազի գների անկումը խնդիրներ են, որոնք հիմա լուծել հնարավոր չէ»,- ասաց նա:

Այս համատեքստում, ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ում միասնական արժույթին անցնելու հարցին, տնտեսագետը կարծում է, որ դեռ երկար ժամանակ ու մեծ ջանքեր են պետք: Նա բերեց ԵՄ-ի օրինակը, երբ եվրոյի գոտ անցնելու համար տասնամյակներ պահանջվեցին. «Մոտ ապագայում որեւէ միասնական արժույթ չի լինի, բայց ֆինանսական շուկայում ԵԱՏՄ երկրների փոխհամագործակցությունն այն ուղղությունն է, որ առիթով պետք է աշխատենք»:

Հեռանկարների մասին էլ տիկին Գլինկան կես հումորով նկատեց. «Դրական տեղաշարժեր, ամեն դեպքում կան`ռուբլին այնուհանդերձ կայունանում է, թեկուզ շատ քիչ»: Առաջիկա 3-5 տարիների կտրվածքով, ըստ տնտեսագետի, միջազգային շուկայում նավթի գների փոփոխություն չպետք է սպասել: Մեկ բարելի արժեքն, ըստ նրա կտատանվի 60-70 դոլարի սահմաններում, քանի որ դա Իրանին թույլ է տալիս զսպել ԱՄՆ-ի շուկայի համար նախատեսված գազի գները: Իրանական խնդրի լուծումը, ըստ բանախոսի, կարող է շուկայում դոլարի ավելցուկ առաջացնել, ինչն ավելի կնվազեցնի նավթի գները. «Մի խոսքով, այն, ինչ որ հիմա կատարվում է, դա ՌԴ տնտեսության խնդիրը չէ, այլ աշխարհաքաղաքական է, ուստի, մոտ ապագայում, չեմ կարծում, թե պետք է ինչ-որ շատ դրական բաներ ակնկալել: Այս ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակով դեռ երկար ենք ապրելու»:

Ազա Միհրանյանի գնահատականներով էլ ի սկզբանե արդարացված չեն այն սպասումները, որ երեք ամսում, ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում, Հայաստանի տնտեսությունը կտրուկ փոփոխությունների կենթարկվի եւ դրական միտումներ կամրագրի: Նրա հավաստմամբ, եվրասիական ինտեգրացիան ազգային տնտեսությունները զարգացնելու խնդիր չի լուծում, այլ հնարավորություններ է ընձեռում: Եվս երեք ամսից, ըստ նրա, արդեն կարելի կլինի շոշափել ապրանքաշրջանառության ծավալները: Եվ եթե մինչ այդ Լարսի «կանաչ ճանապարհի», արտադրողական կոոպերացիայի եւ մի շարք այլ խնդիրներ լուծված լինի, կարելի կլինի խոսել առեւտրային շարժերի մասին, ապա ընդհանուր արտադրական, գյուղատնտեսական կոոպերացիաների շուրջ բանակցություններ սկսել: «Պետք է դանդաղ շտապել»,- հավելեց:

Հարցին`այդ ընթացքում Հայաստանի նման փոքր երկրի տնտեսությունը կարող է լրիվ փլուզվել, նա հակադարձեց, որ մակրոտնտեսական ցուցանիշները նման վատատեսական կանխատեսումների հիմքեր չեն տալիս. «Օրինակ` ռուսական ռուբլու արժեզրկումը 70 տոկոս էր, իսկ հայկական դրամինն ընդամենը 18 տոկոս: Նման կրիտիկական հարթությունում չի կարելի հարցը դնել, դա բացարձակ պոպուլիզմ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930