Ժիրայր Սեֆիլյանի շուրջ հավաքվածները, Բերձորում տեղի ունեցածը քիչ համարելով՝ հերթական միջադեպը հրահրեցին Գյումրիում, որ «պսակվեց» ակտիվիստներից մեկի դանակահարությամբ։ «Հայոց աշխարհի» հարցերին ի պատասխան՝ իր տեսակետները ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։
-Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք ձեր նշած անձնավորությանն ու իր նախաձեռնած «շարժմանը», ոչ շատ լուրջ տոնայնությամբ գնահատականներ ենք տվել՝ հուսալով, որ ի վերջո կգիտակցեն՝ ինչ են անում, եւ ուշքի կգան։ Մտածում էինք, որ հանրությունը կտա իր գնահատականը, բայց քանի որ չեն հասկանում, պետք է ուղիղ ասենք՝ մեզ համար պարզ է, թե որտեղից է ուղղորդված եւ ինչ նպատակ է հետապնդում այդ ամենը։
Այդ գործողությունները միանշանակ ուղղված են մեր պետության դեմ, ավելի կոնկրետ՝ ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, եւ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ շատ քաղաքական գործիչների ու քաղաքագետների։ Գուցե անգիտակցաբար են դա անում՝ չհասկանալով, թե իրականում ում են ծառայում՝ ապրիլի 24-ին ընդառաջ փորձելով ապակայունացնել երկրի իրավիճակը, իսկ «տերերի» ցանկությունը մեկն է՝ միջադեպեր սադրել Հայաստանում, այդ միջադեպերին միջազգային հնչողություն տալ եւ ասել՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա։
Այս պահին մեր հիմնական խնդիրը 100 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործության մասին ողջ ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելն է, եւ այսօր ոչ միայն հայ ժողովուրդը, այլեւ աշխարհի շատ երկրներ առաջին դեմքերի մակարդակով միացել են մեր պայքարին եւ ցանկանում են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել հանուն ապագա սերունդների, որպեսզի նման բան երբեք այլեւս չկրկնվի աշխարհի ոչ մի անկյունում։
Կարդացեք նաև
Եվ հանկարծ ինչ-որ մեկը ամենավերջին բառերն է ասում իշխանությունների հասցեին, հայտարարություններ անում ռեժիմը տապալելու մասին, վարկաբեկում մեր պետությունը եւ անարգում մեր բոլոր սրբությունները, ընդհուպ վիրավորում Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ պարզելով «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։
Չի կարելի հանդուրժել այս ամենը։ Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։
Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ։ Գիտեք, որ միշտ ձեռնպահ եմ մնացել կոշտ գնահատականներից, բայց այս պարագայում նման անպատասխանատու վարքագիծը պետք է կոշտ հակազդեցության արժանանա ոչ միայն իշխանությունների, այլեւ հանրության կողմից։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում