Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Պետք է փոխել մտայնությունը, որ Հայաստանը ինչ-որ բան ուզողի դերում է»

Ապրիլ 01,2015 12:22

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) AGBU-talk-երը միտված են ստեղծելու մեկ ընդհանուր հարթակ, ոգեշնչելու ու ներգրավելու մասնակիցներին հայ ժողովրդի հզորացման գործընթացում: Եռօրյա քննարկումներից առաջինը, որն ունի «Մարդկային ներուժը Հայաստանում եւ Սփյուռքում» խորագիրը, կայացավ այսօր՝ ապրիլի 1-ին, ԱՅԲ դպրոցում:

ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը խոսելով մարդկային կապիտալից, նշեց, որ դրա կերտման ճանապարհը կրթությունն է: «Ցանկացած զարգացման ծրագրի հիմքում պետք է դրված լինի կրթությունը: Օրինակ ԱՅԲ դպրոցը մարդկային կապիտալի մրցունակության ցուցանիշն է, 150 մարդ է մասնակցում այս ծրագրին, մեզ միացել է ֆանտաստիկ ուսուցիչների համայնք ամբողջ աշխարհից: Կրթության գաղափարը համախմբել է զարմանալի որակներ: Փոքրիկ համագործակցությունից ծնվել է կրթության գերազանցության ծրագիրը: Այժմ ծրագիր կա ուսուցիչների պատրաստման, նոր դպրոցների, նոր կրթական տեխնոլոգիաները ամբողջ Հայաստանով մեկ տարածելու, ծրագրեր առաջարկելու սփյուռքի դպրոցներին»,-ասաց տեր Մեսրոպը: Նա կարեւորեց միավորումը միասնական ապագայի գիտակցումով եւ ոչ թե անցյալի հիշողություններով, ինչը հաճախ է պատահում:

ՀԲԸՄ փոխտնօրեն, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը փաստեց, որ կա փառահեղ մարդկային կապիտալ, ու պատահական չէ, որ 37 տոկոսն ուզում է իր բիզնեսը հիմնել Հայաստանում:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը կարեւորեց քննարկումը՝ ասելով, որ մարդկային հզոր կապիտալ է կենտրոնացած Սփյուռքում եւ Հայաստանում, ինչ վերաբերում է իրենց համալսարանին, որի ներուժը ուսանողությունն է, ՀԱՀ-ը յուրատեսակ կամուրջ է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

«Մայքրոսոֆթ» կորպորացիայի Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանի խոսքով. «Սա լավագույն ներդրումն է, սա միակ բնագավառն է որտեղ Հայաստանը առանձնակի աչքի է ընկնում՝ լինելով փոքր երկիր: Եթե, օրինակ, նայենք, թե քանի Գերազանցության կենտրոն է բացվել Հայաստանում, որ օգնում է կրթել սերնդին, պատկերն ավելի պարզ կլինի: Կան միջավայրեր, որոնք կերտում են իրենց ուժերին ու ապագային հավատացող սերունդ: Մենք դեռ խորհրդային տարիներից ավանդույթներ ունենք, օրինակ` լավագույն ինժեներները Հայաստանում են: Ձեռներեցության առումով եւս դարավոր ավանդույթներ ունենք, եւ եթե Ինովիքենդի նման միջոցառում ենք կազմակերպում, որին 500 երիտասարդ է մասնակցում, որոնցից 300-ը մարզերից են, կարծում ենք արդեն լավ է: Համոզված եմ, որ քիչ ներդրումներով էլ կարելի է մեծ արդյունք ստանալ: Պարզապես այն ծրագրերը որոնք հաջողություն են բերում, պետք է տարածել, ռիսկային թռիչքներ կատարել, անընդհատ ստեղծել նոր բան: Այսօր կրթությունը վերափոխվում է աշխարհը, անգամ ԱՄՆ լավագույն համալսարանները փորձում են հասկանալ հաջորդ դարաշրջանի կրթությունն ինչպիսի պետք է լինի»:

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արամ Սալաթյանը կարծում է, որ պետք է շեշտադրված համատեղ աշխատեն հայաստանյան եւ սփյուռքյան մարդակային կապիտալը, համագործակցեն արդյունավետ հարթակներում:

Եվա Հյուսյանը փաստեց, որ տարբեր ոլորտներում տարբեր ծրագրեր է իրականացրել, խոսեց նաեւ ձախողված փորձերի մասին: Նրա ձեւակերպմամբ,մենք շատ ուժեղ ենք հայ լինելու մեջ, մինչդեռ չպետք է կոնկրետ միայն հայերով սահմանափակվել:

Տեր Մեսրոպը համոզված է՝ Հայաստանը ոչ թե պետք է գրավիչ ու ձգողական դարձնել միայն սփյուռքահայերի համար, այլ պետք է ընդհանրապես ձգողական դարձնել, ու քանի դեռ Հայաստանում որեւէ օտարերկրացի աշխատելու եւ սովորելու ցանկություն չունի, դա վատ նշան է Հայաստանի համար: «Բարեբախտաբար այդպիսի ձգողական մի քանի կենտրոններ ստեղծվել են Հայաստանում, օտարերկրացի մասնագետներ են գալիս աշխատելու եւ մտածում են, որ Հայաստանը ապագա ունի: Հայ առաքելական եկեղեցին մեծ համահայկական ցանց է, այն մեծ անելիք ունի սփյուռքյան ներուժը համախմբելու առումով»,-ասաց նա:

Ըստ տեր Մեսրոպի, Հայաստանը կարող է աջակցել, որ սփյուռքի դպրոցները հզորանան, կապը հայրենիքի հետ ավելի մեծ լինի: Նրա խոսքով, սակայն, պետք է կոտրել այն կարծրատիպը, որ Հայաստանը ինչ-որ բան ուզողի դերում է եւ պետք է միմյանց փոխհարստացնել, գրավիչ լինել կրթության եւ տնտեսության առումով:

Թե չէ, ինչպես նշեց, քննարկումը վարող Արտակ Ալեքսանյանը, ստացվում է, Հայաստանում կենտրոնացած է հզոր ներուժ, հրաշալի մասնագետներ, միջազգային օլիմպիադաներից հայ աշակերտները վերադառնում են մեդալներով, բայց Հայաստանը տարեկան լքում է 30 000 մարդ, յուրաքանչյուր երրորդը երկրում աղքատ է:

Ներկաները նշեցին, որ չպետք է ծանրանալ միայն մռայլի վրա ու հարկ է ավելի շատ ներկայացնել հաջողության պատմություններ, որովհետեւ դրանք եւս առկա են: Բանախոսներից ոմանց համոզմամբ, Հայաստանից շատերը հեռանում են ոչ թե ֆինանսական պատճառներով, այլ ապագայի հանդեպ հավատի բացակայության, այ այստեղ է, որ մեծ անելիք կա

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930