Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ:
Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և խաղաղ բնակչության ու բնակավայրերի վրա դրանց թողած հետևանքները: Այս առումով մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մտահոգություն հայտնեց և առաջարկեց համատեղ քայլեր ձեռնարկել բրիֆինգների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Տավուշի մարզպետարան
Ավելի քան մեկ տարի ձգվող գերլարված սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում, ցավոք, նաև զոհեր ենք ունեցել, անդրադարձող ԵԱՀԿ հերթական բրիֆինգը փաստացի անտեսվում է մարզպետի կողմից: Մի թե կա առավել կարևոր հարց, քան սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովումն է և ստեղծված իրավիճակը մարզպետի մակարդակով հավուր պատշաճի ներկայացնելը: Լավ կլիներ նաև, որ մարզպետի տեղակալները ներկայացնեին, թե հակառակորդի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության ժամանակ, կամ գոնե հետո իրենք ինչու որևէ գյուղ չեն այցելում, հակառակորդի ոտնձգությունների վերաբերյալ, նման բրիֆինգներին ներկայացնելու նպատակով փաստեր` տեսա և լուսա նկարահանումներ և այլն չեն հավաքում, որոնք ի դեպ, նշված ժամանակահատվածում ավելի քան մեկ հատորի ծավալ կունենային?: ՊՆ ստորաբաժանումներն իհարկե իրենց գործն անում են, իրավիճակը յուրաժամ ներկայացնում են նաև մեր լրատվամիջոցները, սակայն մարզային իշխանությունները….
Տավուշի ներկա մարզպետի պաշտոնավարման սկզբից այնպիսի տպավորություն էր, որ սահմանամերձ Տավուշն արդեն տեր ունի,բայց ոնց երևվում է սրտացավությունն այստեղ էլ բացակայում է:Ինչ է լինելու սրա վերջը, ո՞վ է մտածելու սահմանամերձ բնակավայրերի բնակչության մասին…Բավականին հարցեր, որոնք հստակ պատասխան չունեն: