Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային ստիպել ճանաչել պատմական փաստերը:
«Հայերի ծրագրված սպանությունը և տեղահանությունը, որ տեղի են ունեցել 1915-1923թթ., խլել են 1,5 մլն մարդու կյանք, տեղահանվել են ավելի քան 500 հազար հայեր: Շատերը հաստատվել են ԱՄՆ-ում, և այսօր Նևադայում է ապրում աճող և ակտիվ հայ համայնք, որը ծայրահեղ անարդարությունից հետո գոյատևելու և վերապրելու վառ օրինակ է», – գրված է Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալի հռչակագրում:
Իբրև Նևադայի նահանգապետի տեղակալ և նահանգային սենատի նախագահ` Մարկ Հաթչիսոնն, իր հերթին, Նևադայի բնակիչներին կոչ է արել բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը և մասնակցել անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:
ՀՀ ԱԳՆ