Որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը պետք է հրաժարական տար, պարզ էր դեռ ահագին վաղուց։ Բայց նրա հեռանալով արդյո՞ք մեր հավաքականի պրոբլեմները վերանալու են, թե՞ ավելի են ընդգծվելու։ Մի բան ակնհայտ է. մեր հավաքականը ճգնաժամի մեջ է, բայց հնարավոր է՝ խաբում ենք ինքներս մեզ, երբ ասում ենք, թե ճգնաժամի պատճառն ու մեղավորը Բեռնար Շալանդն է։ Եթե իսկապես Շալանդն է մեղավոր, ումո՞վ ենք նրան փոխարինելու, որ խնդիրները լուծենք։ Իսկ գուցե պրոբլեմը բուն հավաքականի՞ մեջ է, նրա կազմի ու դրանից բխող հանգամանքների՞։
Մեր հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին այժմ արդեն 41 տարեկան է, եւ նրան արժանի փոխարինող դեռեւս չունենք։ Գումարած սրան՝ Բերեզովսկին իր ակումբում՝ Մոսկվայի «Դինամոյի» կազմում, վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել։ Սա գիտեն, չէ, հավաքականի բոլոր ֆուտբոլիստները, մարզչական կազմը։ Այս հանգամանքը կարո՞ղ է ազդել հավաքականի ընդհանուր մարտունակության վրա, թե ոչ։ Եթե այո, որքանո՞վ։ Եվ ի՞նչ պետք է անել այս խնդիրը լուծելու համար։ Այս հարցի պրոֆեսիոնալ պատասխան մինչեւ օրս հայ ֆուտբոլասերները չեն ստացել։ Անկախ նրանից, թե ով կլինի մեր հավաքականի գլխավոր մարզիչը, մեզ հարկավոր է Բերեզովսկուն արժանի փոխարինող գտնել, որ թիկունք լինի մեր հավաքականին։ Բերեզովսկու մարզավիճակը տարիքի բերումով գնալով վատանալու է. հիմա հարց՝ ումո՞վ ենք փոխարինելու նրան։ Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի, ու Շալանդի հեռանալը այս իմաստով ոչինչ չի փոխելու։
Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում