Լրահոս
Օրվա լրահոսը

Վակունիսում կայացավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված 11 ազատամարտիկների հիշատակին

Ապրիլ 01,2015 10:37

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ է, ԵՎ, ՎԵՐՋ….
Լեոնիդ Ազգալդյան

Շալուա գետի հովտում դարեր ի վեր մեր պապերն են ապրել, սակայն 18-րդ դարակեսին տարածքը գրեթե հայաթափ եղավ ու դարձավ վտանգավոր անջրպետ Արցախի և Մայր հայրենիքի մեջտեղում: Արցախյան շարժումը կարևորվեց նաև նրանով, որ բացի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից, ազատագրվեցին նաև Մեծ հայքի Սյունիք և Արցախ աշխարհների՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Հակարի գետի ողջ Ավազանը: Հայոց երբեմնի բնօրրանի ազատագրումը հեշտ չեղավ, հարյուրավոր հայորդիներ մարտիրոսվեցին, ու վերստին հայացան Քաշաթաղ ու Վայկունիք, Հաբանդ ու Աղահեճք և այլ տարածքները: 22 տարի առաջ մարտի 31-ին Սիսիանի ազատամարտիկների մի ջոկատ պետք է ամրանար Վակունիս (Բիչանիս) գյուղում: Ըստ տեղեկությունների՝ Լաչինից 40 կմ հյուսիս ընկած այդ բնակավայրը պետք է ազատագրված լիներ, և ջոկատի «ՈւՐԱԼ» մեքենան թեքվում է մայրուղուց դեպի աջ և շարունակում ճանապարհը դեպի գյուղ:

Վակունիսը գտնվում է բարձրադիր սարահարթի վերջում՝ դիմացը բավականին ընդարձակ հարթ մարգագետին: Չհասած գյուղի առաջին տբերին՝ հանկարծ լսվում են կրակոցներ, ու թշնամին հրետակոծում է մեքենան: Սկսվում է անհավասար մարտ: Սիսիանի ջոկատի հանկարծակիի եկած տղաները՝ հրամանատար Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ դիմակայում են՝ պատսպարվելով մեքենայի մոտ: Բայց թշնամին սկսում ե հրթիռակոծությունը. Մեքենան պայթում և այրվում է, զոհվում և վիրավորվում են տղաներից:

Մարտը տևում է մինչև մութն ընկնելը. երբ օգնության են հասնում մեր ջոկատները: Մարտի մասնակից և պատահաբար ողջ մնացած Մկրտիչ Ջավադյանը պատմեց, որ ինքն էլ էր ծանր վիրավորվել ու սողալով հասնում ե մոտակա ձորակը: Տղաներից շատերի համար այդ ձորակը դառնում է ապաստարան: Օգնության հասած մեր տղաները դուրս են քշում թշնամուն: Անհավասար մարտում նահատակվում են մայոր Վուրգ Ոսկանյանը, լեյտենանտ Վոլոդյա Կարապետյանը, շարքայիններ Գևորդ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Ալբերտ Ազարյանը, Վարդան Բաբայանը, Զոհրակ Գևորգյանը, Մելսիկ Աթանեսյանը, Վալերիկ Ավետիսյանը, Հրայր Եղիազարյանը և Վահան Սիմոնյանը: Տղաների նահատակության տեղում այսօր էլ վառված վիճակում՝ որպես հուշարձան, մնացել է զինվորական մեքենան, իսկ կողքին Խաչքար-հուշակոթողն է. վրան տղաների անուններն է քանդակված: Վակունիս և Խաչինտափ գյուղերը կազմում են մեկ համայնք, որտեղ 1996 թվականից գործում է դպրոցը, որն այժմ գտնվում է Վակունիս գյուղում և կոչվում է Վուրգ Ոսկանյանի անունով:

DSCN8842

Յուրաքանչյուր տարի՝ մարտի 31-ին Վակունիսում կայանում է ոգեկոչման արարողություն՝ նվիրված 11 ազատամարտիկների հիշատակին: Ինչպես միշտ, այս անգամ էլ դպրոցում կայացավ միջոցառում, որը նվիրված էր նաև Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին: Բացի համայնքի բնակիչներից, ներկա էին հերոսների մարտական ընկերները, նահատակ ազատամարտիկ Վոլոդյա Կարապետյանի Գոռ և Մկրտիչ զինվորական որդիները, շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, կրթության բաժնի ներկայացուցիչներ, հյուրեր:

Միջոցառումը սկսվեց հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով: Վերանորոգման գործընթացում գտնվող դպրոցի միջանցքում ընդհանուր 21 աշակերտները՝ ուսուցչուհի Դիաննա Ավետիսյանի ղեկավարությամբ հանդես եկան՝ ներկայացնելով մեր ժողովրդի անցած ուղին: Հայոց թագավորական տները մարմնավորած աշակերտ-աշակերտուհիները մարտնչելով ասպատակողների դեմ հասան մեր օրերը:

Այնուհետև ներկայացրեցին հատվածներ Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» պիեսից՝ մարմնավորելով Սիամանթոյին, Վարուժանին, Ռուբեն Սևակին, նրանց դեպի նահատակության տանող փաշային ու ոստիկաններին: Կոմիտասի դերում հանդես եկավ գյուղի բնակիչներից Սևակ Գրիգորյանը: Անդրադարձ եղավ «Նեմեսիս»-ին, աշակերտները երգեցին «Գինի լից..» երգը: Չմոռացվեց աչցախյան գոյամարտը, և վերջապես պանծալի ու երկար սպասված հաղթանակն ու խաղաղությունը, Հայոց 2 անկախ պետությունների հռչակումը: Ծածանվեցին հայոց Եռագույնները, հնչեցին օրհներգերը:

Արդեն ազգային տարազով հայոց ազգագրական ու ռազմական պարերով հանդես եկան դպրոցի պարի խմբակի սաները, ովքեր վերջերս Ստեփանակերտում «Մշակութային խաչմերուկ» մրցույթ-փառատոնի այդ անվանակարգում ճանաչվեցին հաղթող և արժանացան առաջին մրցանակի: Իրենց ավագ ընկերների հետ հանդես եկան նաև նախադպրոցական երեխաները: Հանդիսատեսը՝ աշակերտների ծնողները, ուսուցիչները, հյուրերը, հուզված էին:

Նահատակ տղաների մարտական ընկեր Մ. Ջավադյանը հայտնեց շնորհակալություն, որ 7 սարի հետևում գտնվող ու ընդամենը 20 տարվա պատմություն ունեցող այս գյուղի անշուք դպրոցում նման երեխաներ են դաստիարակվում ու կրթվում: Շնորհակալություն հայտնեց համայքի բնակիչներին ուսուցիչներին, մանուկներին, որ շենացնում են իր մարտական ընկերների արյամբ ազատագրված ու սրբացած բնակավայրը: Մաղթեց, որ յուրաքանչյուր տարի ավելի շատ երեխաներ մասնակցեն նման միջոցառումների, բարի ծառայություն ցանկացավ դպրոցի շրջանավարտ Կարեն Հարությունյանին, ով այս պահին հայրենի սահմանն է պահում:

Նահատակ-ազատամարտիկի որդին՝ Գոռը նշեց, որ արդեն 5-րդ անգամ է գալիս այստեղ և յուրաքանչյուր անգամ նոր ձեռքբերումներ է տեսնում: Շնորհակալություն հայտնեց վակունիսցիներին, որ այստեղ են բնակվում:

-Խոնարհվում եմ ձեր առջև, որ հերոսների հիշատակը վառ եք պահում,-ասաց Գոռը՝ հավելելով, որ ինքն ու եղբայրը, հոր մարտական ընկերները կփորձեն հաճախակի գալ այստեղ, լինել օգտակար:

Զինվորական եղբայրներ, Սիսիանի մարտական ջոկատի ազատամարտիկներ Ժորա և Մկրտիչ Դիլանյանները, ովքեր ամեն տարի կազմակերպում են այցը դեպի Վակունիս, ասացին՝ լավ ենք զգում, որ կա առաջընթաց, հպարտ ենք տեղի բնակիչներով, ովքեր շարունակում են տղաների գործը:

-Զոհվելը հեշտ է,-ասաց Ժորան, -ազատագրած երկիրը պահել ու շենացնելն է դժվար: Երախտագիտություն հայտնեց դպրոցականներին, նրանց ուսուցչուհուն՝ դպրոցի նախկին շրջանավարտ Դիաննա Ալեքսանյանին, որ կարողացան այդ կաչճ ժամանակում ներկայացնել Հայոց ողջ պատմությունը:

Դպրոցի տնօրեն Հեղինե Բախշյանը նույնպես շնորհակալ եղավ իր սաներից ու դուստր ուսուցչուհուց; Կարևորեց Վուրգի ու նրա ընկերների սխրանքը, ողջ մնացած տղաների նվիրվածությունը տարածքին, որը դարձել է Սրբատեղի:

Վակունիսի համայնքապետ Էդուարդ Զաքարյանը նշեց, որ դպրոցն է համայնքի հիմքը, և կարևորեց նման միջոցառումները, մարտիրոս-ազատամարտիկների մարտական ընկերների այցը տարածք: Շրջվարչակազմի ներկայացուցիչները հյուրերի այցը կրևորեցին՝ նշելով, որ մեր դպրոցներում դաստիարակվում ու կրթվում է հայրենասեր ու մաքուր սերունդ, և պատահական չէ, որ հայրենի հողը հերոսաբար պաշտպանելիս մարտիրոսվեց Աղաձոր գյուղի 19-ամյա Հակոբ Խաչատրյանը:

Զրուցում եմ աշակերտների հետ, ովքեր մարմնավորել էին մեր թագավորություններն ու Զեյթունցյանի հերոսներին: Բոլորն էլ հավաստիացրեցին, որ տեր են մնալու Վուրգի ու նրա ընկերների կյանքի գնով ազատագրված հողին, լավ են սովորելու, որ հետագայում մեծ օգուտ տան իրենց բնաշխարհին՝ տանը: Իսկ այն հարցին՝ ինչ զգաց այս տարածքի համար կյանքը զոհաբերած հերոսի որդին. Գոռ Կարապետյանը, որը բնակվում է Երևանում և նույնպես զինվորական է, ասաց. «Ամեն անգամ մի նոր զգացում է ինձ պատում այստեղ; Զգում եմ հպարտություն, ուժ ու եռանդ ստանում՝ տեսնելով տեղի բնակիչներին, այս գեղանի աղջիկներին ու խրոխտ տղաներին: Այս հողը սրբավայր է և շատերիս է կապում գյուղի հետ. պատահական չէ, որ եղբայրս էլ է այստեղ: Հորս ավագ զավակն էի. 13 տարեկան էի, երբ նա զոհվեց, հիշում եմ:

Այդ ժամանակ բնակվում էի Անգեղակոթ գյուղում: Հայրս տարածքի 4 գյուղերի ազատամարտիկներից ջոկատներ էր կազմում: Մի անգամ գաղտնի նստեցի նրանց դեպի Նախիջևանի դիրքերը տանող մեքենան, և միասին տեղ հասանք: Հայրս տեսավ, ջղայնացավ, բայց քիչ հետո հպարտ էր ինձ համար»:

Էլի հիշողություններ պատմեց հերոս հոր ու նրա մարտական ընկերների մասին, որոնց մի մասն անցել է անմահության ճանապարհով, մի մասը կենդանի լեգենդ են:

Ավարտվեց հանդեսը, հրաժեշտ ենք տալիս հյուրերին, Վակունիսի բնակիչներին ու մեր չքնաղ երեխաներին: Նրանցից փոքրիկ Լենան ուրախությամբ ասաց, որ շուտով ինքն էլ է դառնալու աշակերտ: Իսկ Վանի թագավորությունը մարմնավորած նրա քույրը՝ 5-րդ դասարանցի Դիցուհին, հույս հայտնեց, որ ամռան ընթացքում կավարտվի դպրոցի շինարարությունը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930