Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մհեր Մկրտչյանի այրի. «Իր մեջ մի ամբողջ աշխարհ էր փլվում»

Ապրիլ 01,2015 00:23

Մարտի 31-ին,  «Հայ գիրք» գրախանութում իր կյանքի լավագույն շրջաններից մեկի՝ հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հետ անցկացրած տարիների «ակնթարթներն» էր  մեկնաբանում դերասանի կինը՝ Թամարա Հովհաննիսյանը: Գրախանութում դերասանի արվեստի սիրահարներն էին, Թամարա Հովհաննիսյանի ձեռքին՝ իր իսկ հեղինակած «Չտեսնված Մհեր» գիրք-ալբոմն էր: Նա թերթում էր գիրքը եւ ներկաներին պատմում այստեղ զետեղված լուսանկարների պատմությունը:  Ամբողջը Մհեր Մկրտչյանի  վերջին «չտեսնված» տասներկու տարիների բեմական, ստեղծագործական կյանքն է, որը մնացել էր տանը՝ ընտանեկան ալբոմում փակված: Թամարա Հովհաննիսյանը  հասկացել է, որ դրանք պետք է հանրությանը նաեւ ներկայացնել,  մեծ դերասանի կյանքից պահերը չցուցադրելը «հանցագործություն» կլիներ:Թամարա1

Գրախանութում հավաքվածները տիկին Թամարային   հարցեր էին տալիս գրքում հրապարակված լուսանկարներից, Մհեր Մկրտչյանին վերաբերող իրենց հետաքրքրող թեմաներից: Դերասանի այրին մեծ պատկառանքով էր խոսում իր ամուսնու մասին. Մհեր Մկրտչյանը խորն էր ընկալում իր ցանկացած կերպար. «Ինքը չէր կարողանա արտաբերել միտքը, քանի դեռ դա իրենը չդառնար: Իրենը դարձնելու պրոցեսը երկար էր տեւում:  Մինչեւ դա դառնար օրգանական, հավաստի, իրենից չէիր լսի մի բառ: Լրիվ այդ մարդն էր դառնում, դրանում կարող եք համոզվել, երբ որ իր ֆիլմային դերերը նայեք»,- ասում է տիկին Թամարան:скачанные файлы (94)

Դերասանի վերջին տարիների եւ  կյանքի ողբերգական ավարտի մասին խոսելիս՝ տիկին Թամարան ասում է, որ շատերն այն կապում են միայն մեկ պատճառի՝ որդու հիվանդության հետ, բայց իրականում պատճառները շատ էին. նրա հոգեկան աշխարհի վրա ազդում էր նաեւ երկրի վիճակը, մեծ դերասանի մեջ աստիճանաբար փլվում էր ամեն ինչ, ժամերով հերթի մեջ կանգնած՝ հացի եւ նավթի էր սպասում, բոլորի վիճակն էր վատ.  «Ես հիշում եմ իր դեմքը, սոսկալի բան էր,  կթվար, թե ինչ է եղել որ, դե մարդ է էլի… դե կանգնել է էլի… բայց իր մեջ մի ամբողջ աշխարհ էր փլվում, կամ հիշում եմ, որ թատրոնի համար չեմ էլ հիշում ինչ էր պետք՝ մեքենա՞ էր անհրաժեշտ, գումար էր պետք, թե լույս, չեմ հիշում…, զանգեցին ասացին, որ դիմում գրենք այդ ժամանակվա վարչապետին: Բան չունեմ ասելու… բայց սովոր չէր այդպես ապրելու, կարծես այդ մարդու ձեռքից ամեն օր ինչ-որ բաներ էին խլվում՝ իր արժանապատվությունը, այն ամենը, ինչին նա հասել էր, ամեն օր դրանք նրանից խլվում էին… եւ այդ դիմումը ձեռքներիս միասին գնացինք, նստեցինք, նստեցինք այդ ընդունարանում, ժամ ու ժամուկես նստած սպասում էինք, ինքն էլ իր բնույթով շատ հարմարվող մարդ էր, ես ջահել էի, ասում էի՝ ի՞նչ ես նստել, ես հիմա կբացեմ դուռը… Փղի նման համբերատար նստած էր, բայց վերջը դուռը բացեց եւ ասաց՝ այ տղա՜, կամ արի այս թուղթը վերցրու կամ այս դուռը բաց արա, որ ներս գամ, թուղթը շպրտեց ու դուրս եկավ: Հիմա կարող է թվար, թե մեծ բան չէր: Բայց իրենից գնում էր… ինքը իրենից հեռանում էր…Հեշտ բան չէր այդքան փառքից հետո հացի, նավթի համար հերթ կանգնելը»,- հիշում է տիկին Թամարան:скачанные файлы (95)

«Առավոտի» հետ զրույցում դերասանի կինը պատմում է, որ այս գիրքը հրատարակելու  խորհուրդը նրան  տվել է կինոգետ Զավեն Բոյաջյանը, քանի որ ինքը նկատել է՝ դրսում շատ տարածված են գիրք-ալբոմները: «Ես ներկայացրել եմ Մհերին այնպես, ինչպես ես եմ տեսել, ինքս իմ մեջ վերլուծել  Մհերին, ես նրան տեսել եմ ամենաշատը՝ վերջին 10-12 տարվա ընթացքում՝ ե՛ւ տանը՝ անձնական հարաբերությունների մեջ, ե՛ւ նկարահանվելիս, եւ՛ բեմի վրա, ե՛ւ ճանապարհորդելիս: Ես դրա հնարավորությունը ունեցել եմ եւ բնականաբար իմ տեսած, իմ ճանաչած Մհերը   շատ ավելի ընդգրկուն, շատ ավելի ճշմարիտ, շատ ավելի իրականին մոտ Մհերն է, քան թե բոլոր այն պատմությունները, որոնք պատմվում են նրա մասին՝ այստեղից-այնտեղից, տասներորդ մարդուց լսած պատմությունները: Այդքանով հանդերձ նույնպես արժեքավոր է այս գիրքը:  Այդ պահերին ինձ է բախտ վիճակվել լինել նրա կողքին: Գրքի մյուս արժեքն այն է, որ ամեն ինչ ճշգրիտ է՝ օրով եւ ամսաթվով է ասված, ժամով, այսինքն՝ շատ ստույգ է, հավաստի է, որեւէ մեկը կասկածի տակ դնել չի կարող մեկնաբանությունները, որոնք ներկայացված են գրքում»,- ասում է տիկին Թամարան:

Խոսելով իր ճանաչած Մհերի մասին՝ նա ասում է. «Շատ հարուստ, բնության պես մի բան էր՝ գետի, ամպրոպի, ծառի նման, նման առեղծված կար նրա մեջ եւ դա անբացատրելի է նույնիսկ ինձ համար»:скачанные файлы (96)

Տիկին Թամարան մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պատրաստվում է մեկ այլ գիրք եւս հրապարակել Մհեր Մկրտչյանի մասին. «Նյութերը շատ են, լուսանկարներն էլ են շատ, պատմություններն էլ են շատ, ես ափսոսում եմ, որ այդ ամենը չլինի: Դե օրինակ՝ մինչեւ հիմա մեկ-երկու զավեշտալի պատմություն նրա հետ կապված պատմում են եւ ոչ ճիշտ, շատ հաճախ ուրիշ բաներ են վերագրում նրան: Նա հումորով մարդ էր, ոչ թե նրա համար, որ անեկդոտ կպատմեր, նա հումորով ապրում էր, հումորով ընկալում էր աշխարհը եւ ամեն վայրկյան հպանցիկ կարող էր մի շատ  իմաստուն հումորով կարճ արտահայտություն անել, նրա հումորի տեսակն էլ էր ուրիշ: Նա միայն ծիծաղեցնելու համար չէր հումոր անում»- ասում է տիկին Թամարան:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    Շնորհակալություն նյութի համար: Ապրեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930