Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կընդլայնի հարձակողական զինատեսակները

Ապրիլ 01,2015 15:30

Սահմանային վերջին միջադեպերից հետո
այս եզրակացությանն է եկել քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը

– Անցած տարվա օգոստոսից սկսվեցին եւ այս տարի առավել ինտենսիվորեն շարունակվում են սահմանային միջադեպերը. Դուք է՞լ եք կարծում, որ դրանց միակ պատճառը Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Չկա՞ն գերտերությունների քաղաքական շահեր, որոնց արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը: Մանավանդ, որ Ադրբեջանի նախագահը միջազգային պայմանավորվածությունները «թղթի կտոր» է անվանում:

– Սահմանային միջադեպերը «Ցեղասպանության 100-ամյա տարելիցով» չեմ պայմանավորում: Իհարկե, մարտական հերթապահություն իրականացնելու տեսանկյունից ապրիլին մեզ բարդ ամիս է սպասվում՝ հակառակորդի կտրուկ ակտիվացման ռիսկեր իսկապես կան: Սահմանային միջադեպերի միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը մարտավարական խնդիրներ է լուծում, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսեւորումներ են ունենում:

Իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ միջազգային պայմանավորվածությունները «թղթի կտոր» որակելու վերաբերյալ, լավագույնս ի ցույց է դնում այն վերաբերմունքը, որն Ադրբեջանը դրսեւորում է երկկողմ կամ բազմակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ:

– Հետադարձ հայացք գցենք հրադադարի ձեռք բերումից մինչ օրս եղած սահմանային միջադեպերին` Ադրբեջանը կետային գործողություններից անցել է դիվերսիոն պատերազմի: Ի՞նչ է սա հուշում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

– Ադրբեջանը ներկայումս որդեգրել է «դիպուկահարային-դիվերսիոն պատերազմի» գիծը՝ նպատակ ունենալով հնարավորինս մեծ վնաս հասցնել հայկական կողմին՝ եւ նյութական, եւ մարդկային, եւ բարոյահոգեբանական առումով: Ինչ վերաբերում է քայլերի հաջորդականությանը, ապա իրավիճակը հետեւյալն է. նախ Ադրբեջանը խախտում էր հրադադարի ռեժիմը անկանոն կրակահերթերով, հետո խաղի մեջ ակտիվորեն ներգրավեցին դիպուկահարներին ու դիվերսիոն-հետախուզական ուժերին, այնուհետեւ՝ մարտավարական փոփոխություններից հետո դիվերսիոն հետախուզական ուժերի ներթափանցումները վերածվեցին հայկական մարտական հենակետերի ուղղությամբ իրականացվող դիվերսիոն, հատուկ ստորաբաժանումների գործողությունների:

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը կիրառության մեջ է դնում զենքեր, որոնց եւ հեռահարությունն է բավականին մեծ, եւ տրամաչափերը՝ առավել խոշոր: Այսօր առաջնագծում ականանետեր, նռնականետեր են «աշխատում», ու, ցավոք, պաշտոնական հաղորդագրություններում դրանց գործածման մասին տեղեկությունն առավել հաճախակի է դառնում: Հաջորդիվ Ադրբեջանը կընդլայնի հայկական դիրքերի ու ստորաբաժանումների դեմ կիրառվող զինատեսակները, դրա հիմքերն այսօր արդեն տեսանելի են:

– Հայկական կողմի մոտեցումը միայն պաշտպանողակա՞ն պիտի լինի: Վերջերս նախագահը իր ելույթներից մեկում հստակ ասաց, որ հայկական կողմն այսուհետ միայն չի պաշտպանվելու, նաեւ նախահարձակ է լինելու:

– Հակառակորդի գործողությունները մեզ ստիպում են նախահարձակ լինել. դա սադրանքները կանխարգելելու արդյունավետ միջոց է:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանին սպառազինելու մասին Սերժ Սարգսյանի` օրերս բարձրաձայնած մտահոգությունը: Չափազանց ուշացած չէ՞ր այն: Իսկ ինչո՞ւ ռուսական կողմից արձագանքներ չեղան: Հայտարարության հաջորդ օրը Ադրբեջանը հերթական դիվերսիոն գործողությունն իրականացրեց. դա՞ էր ՌԴ-ի պատասխանը:

– Չեմ կարծում, թե նախագահ Սարգսյանի հայտարարությունն ուղիղ կապ ուներ դրան հաջորդող միջադեպի հետ, քանի որ այդ միջադեպից դեռ մի քանի օր առաջ Ադրբեջանն արդեն իսկ կտրուկ ակտիվացել էր առաջնագծի տարբեր ուղղություններում` դիվերսիոն խմբերի ներթափանցման ռիսկեր ստեղծելով: Իսկ նախագահի հայտարարությունը նոր չէր, առավել եւս՝ ուշացած, քանի որ այդ մասին հայտարարություններ նախագահը հնչեցրել էր նաեւ ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, ընդ որում՝ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ միայն խոսել էր Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու վտանգների, այլ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների՝ միջազգային կառույցներում փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտության մասին:

– Արդեն տեւական ժամանակ Ադրբեջանը սահմանակետում նոր հենակետեր է կառուցում: Ի՞նչ նպատակով են ադրբեջանցիները նախապատրաստվում, ինչո՞ւ հայկական զինուժը չի խոչընդոտում այդ աշխատանքներին:

– Առաջնագծում ինժեներական աշխատանքները մշտապես ընթացող պրոցեսներ են, որոնք երկու կողմում էլ իրականացվում են: Ադրբեջանը հայկական ստորաբաժանումների կողմից իրականացվող պատժիչ գործողությունների հետեւանքով բազմաթիվ զոհեր է ունենում ու այդ նպատակով փորձում է ամրացնել սահմանագծի այն հատվածները, որոնք թույլ օղակներ է համարում: Ինժեներական կառույցների հիմնումը նաեւ դիրքային առավելությունների հասնելու միջոց է:

Իսկ ինչ վերաբերում է նման իրավիճակներում հայկական զինուժի պատասխան գործողություններին, ապա ռազմական բնագավառը, մանավանդ չավարտված պատերազմի պայմաններում, ոչ միշտ է հնարավորություններ ընձեռում մանրամասներ ստանալ իրականացվող օպերացիաների մասին:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930