Թիվ 43 վթարային շենքի բնակիչները
նախագահին հորդորում են նախընտրական խոստումը կատարել
Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 43 բազմաբնակարան շենքի բնակիչները վստահ են, որ իրենց խնդիրը չի լուծվում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նրանց ուղարկած նամակը նախագահին շրջապատող «բյուրոկրատների պատճառով» տեղ չի հասնում, հակառակ դեպքում նախագահ Սարգսյանը կարդալուն պես՝ կատարելու է ապարանցիներին տված նախընտրական խոստումը:
Եվ քանի որ բնակիչների ձայնը նամակի միջոցով նախագահին չի հասնում, այս հասցեի բնակիչները, ինչպես իրենք են ասում, մամուլի միջոցով են նախագահին տեղյակ պահում, թե ինչպիսի ապրումներ են ունենում վթարային շենքում բնակվելով ու շատ գիշերներ վախից արթուն լուսացնելով:
Թիվ 43 շենքը երկար տարիներ է՝ 4-րդ կարգի վթարային է: Ինչպես մասնագետներն են վկայում, նման դեպքում շենքը ենթակա չէ ամրացման. այն պետք է քանդվի, հակառակ դեպքում անգամ թեթեւ ցնցումից կարող է փլվել: Սակայն Բաղրամյան 43 շենքը քանդելու, բնակիչներին տարհանելու մասին առայժմ ոչ մի խոսք չկա:
Կարդացեք նաև
Ապարանցիները վստահեցնում են, որ տեղական ու բարձրագույն իշխանությունները միայն ընտրությունից ընտրություն են իրենց շենքի հարցը մեջտեղ բերում, ձայներ կորզում, ընտրվելու դիմաց էլ խոստանում վթարային շենքի բնակիչների հարցը լուծել, նոր բնակարանով ապահովել:
«2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Դուք խոստացաք մեր վթարային շենքի տեղում նորը կառուցել, անցավ 5 տարի, իսկ խոստումը չկատարվեց: 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին բնակիչների հետ հանդիպման ընթացքում Դուք խոստովանեցիք, որ այդ խնդիրը Ձեր նախկին տված խոստումներից միակն է, որը չի կատարվել, եւ խոստացաք առաջիկայում հարցը լուծել: Մինչ օրս այդ առաջիկան չի եկել, որեւէ գործնական աշխատանք չի կատարվել, իսկ մենք շարունակում ենք վախվորած ու ահուդողով բնակվել կիսաքանդ շենքում: Մենք ուզում ենք հիշեցնել, որ ՀՀ նախագահը եւ նրա խոստումը մեզ համար մեծ արժեք են, բոլոր պետական մարմինները այն պետք է հասկանան եւ սրբորեն կատարեն: Հազար ափսոս, որ դա այդպես չէ, հակառակ պարագայում այսօր մենք ավելի բարգավաճ եւ օրենքի երկիր կունենայինք»,- Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ասում են Բաղրամյան 43 շենքի բնակիչները:
Նրանց համոզմամբ՝ Սերժ Սարգսյանին շրջապատող մարդկանց ընդհանրապես չի մտահոգում նախագահի հեղինակությունը, «այլապես գոնե կձեւացնեին, թե մեր հարցով մտահոգված են»:
Նշենք, որ թիվ 43 շենքում ներկայումս բնակվում են 32 ընտանիք:
Ապարանի քաղաքապետարանից «Առավոտին» հայտնեցին, որ այս շենքն իսկապես քանդման ենթակա է, եւ այդ շենքի հարցով փաստաթղթերի երկու փաթեթ են ուղարկել, մեկը՝ Արագածոտնի մարզպետարան, մյուսը՝ քաղաքաշինության նախարարություն, որտեղ մանրամասն ներկայացված է խնդիրը: Մեր հարցին, թե հնարավոր չէ՞ բնակիչներին տարհանել, ժամանակավոր կացարան հատկացնել՝ մինչեւ որ կլուծվի նրանց մշտական բնակության հարցը, քաղաքապետարանից հայտնեցին, որ բնակիչները հակված են, որ իրենց համար նոր շենք կառուցեն: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ այսօր Ապարանում 11 վթարային շենք կա, որից 2-ը՝ 4-րդ կարգի, մնացածը՝ 3-րդ:
«Մեր մարզում բավականին մեծ աշխատանքներ են կատարվել՝ մշակույթի տուն ենք վերանորոգել, 20 բազմաբնակարան շենքի տանիք ենք սարքել, 3 դպրոց, որից երկուսը ամբողջովին ավարտել ենք, Ապարանում ճանապարհ ենք սարքում»,- մեզ հետ զրույցում մեկ առ մեկ թվարկեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, երբ հարցրինք, թե Բաղրամյան 43 շենքի հարցը ինչ փուլում է: Մարզպետից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ Բաղրամյան 43 շենքի բնակիչների համար ինչ են արել, հիշեցրինք նաեւ բնակիչների մատնանշած՝ հանրապետության նախագահի խոստումը: Պարոն Սահակյանը նախ վստահեցրեց, որ նախագահը ոչ թե խոստացել է, որ նոր շենք կկառուցվի, այլ ասել է, որ հարցը կուսումնասիրեն. «Պետք է նայել, տեսնել՝ մենք ինչ հնարավորություն ունենք, խնդիրը շատ ծախսատար է, այդ պատճառով միանգամից չի կարող լուծվել, այդ շենքը պետք է քանդվի, տեղում նորը կառուցվի: Բյուջեով պետք է կատարվի, սակայն առայժմ նման ծախս անել չենք կարող, այնպես չէ, որ բոլոր բարձրացված հարցերը անմիջապես պիտի լուծենք: Ունենք խնդիրներ, պետք է փորձենք լուծել»:
Մեր այն դիտարկմանը, թե մարդիկ ահուդողով են ապրում, չեն կարողանում քնել եւ ընդհանրապես՝ նորմալ կենսակերպ վարել, քանի որ ամեն վայրկյան վտանգի մասին են մտածում, պարոն Սահակյանն ասաց. «Եթե մենք հասկանայինք, որ կա փլուզվելու վտանգ, մենք ավելի արագ այդ հարցը կլուծեինք, այնպես չէ, որ շենքը կփլվի: Դա միակ շենքը չի ՀՀ-ում, որ վթարային է, չնայած որ մեր ուշադրության կենտրոնում է, մենք քննարկում ենք, անցյալ տարի նույնպես քննարկել ենք»:
Հարցին էլ, թե կա հստակ որոշված ժամանակահատված՝ բյուջեով ծրագրված, որ մեկ կամ երկու, երեք տարի հետո թեկուզ կսկսվեն վթարային շենքի քանդման եւ նորի կառուցման աշխատանքները, մարզպետն ասաց, որ այդ շենքի հետ կապված որեւէ որոշում չկա:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.03.2015