Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասունք ենք նվիրել հարյուրամյակի հետ կապված»

Ապրիլ 01,2015 14:00

Տնօրենը՝ դպրոցում տեղադրված
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետի մասին

Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում տեղադրված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հսկայական մակետը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ներկայացնելով մակետի լուսանկարները, քննադատել էր փաստն ու այն որակել իբրեւ ռաբիսություն: Լուսանկարը քննարկվել ու մեկնաբանություններ է ստացել նաեւ բազմաթիվ այլ օգտատերերի կողմից, որոնք զարմացած գրում էին՝ «մի՞թե Մուհամեդի ու սարի պատմությունն է, եւ արդյոք Երեւանում ապրող աշակերտի համար դժվա՞ր է գնալ, տեսնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որ կոթողի նման չափերի մակետ են տեղադրում դպրոցում: Ի՞նչ է սա, գավառական մտածելակե՞րպ, թե՞ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու յուրովի ձեւ»:

«Առավոտն» այս առնչությամբ զրուցեց դպրոցի տնօրեն Ինգա Վարդանյանի հետ՝ պարզելու համար, թե ում է պատկանում հուշահամալիրի մակետը դպրոցում տեղադրելու մտահղացումը, երբ է այն տեղադրվել դպրոցում, դեռ ինչքան կմնա այնտեղ, եւ ի վերջո՝ ինչ է մտածում տիկին Վարդանյանը քննադատությունների մասին, որոնք բավականին շատ են:
«Հուշահամալիրի մակետը պատրաստել են աշակերտները, այն պենոպլաստից է, պատրաստվել է աշխատանքի ուսուցման ուսուցչի հետ միասին: Աշակերտները Ծիծեռնակաբերդ էլ են գնացել: Իսկ դա պատրաստել են, որ գան, ծաղիկներ դնեն, խոնարհվելու տեղ լինի: Ես զարմացա, որ քննադատվել է: Կարծում եմ՝ ով որ գրել է այդ մեկնաբանությունները՝ սխալ է, մենք ընդամենը տեղադրել ենք մի քար, մի կետ, մասունք ենք նվիրել հարյուրամյակի հետ կապված, որովհետեւ երեխաները տեղ ունեն պահանջատեր լինելու, երեխաները մեկ օրվա ընթացքում ծաղիկներ են դրել այնտեղ, նրանք եւ Ցեղասպանության թանգարան են գնացել, եւ հուշակոթող ու նկարվել, հարցը դրանում չէ: Բացի այդ մակետից, դրա հետեւում ստենդ կա, որի վրա զետեղված են հռչակավոր ոչ հայազգի մարդկանց խոսքերն ու լուսանկարները, ինչպես նաեւ այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց տնօրենը:
Ինգա Վարդանյանը նաեւ նշեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետը իրենց դպրոցում կմնա մինչեւ ապրիլի 24-ը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Ըստ դպրոցի տնօրենի՝
երեխաների աշխատանքը պետք չէ վատաբանել:

«Առավոտ» օրաթերթ
31.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930